28 զոհ՝ Թուրքիայում խոշոր ահաբեկչական գործողության արդյունքում. տեսանյութ
Սիրիայի հետ սահմանին գտնվող Սուրուչ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 28 մարդ, ավելի քան 100-ը վնասվածքներ են ստացել:
Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով 11:45-ին քաղաքի մշակութային կենտրոնում: Այնտեղ հավաքված են եղել քուրդ կամավորականները, որոնք մտադիր են եղել մեկնել Սիրիա՝ պայքարելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:
«Մշակութային կենտրոնում բնակվում էր 300 երիտասարդ, որոնք պատրաստվում էին մեկնել Սիրիայում գտնվող քրդաբնակ Կոբանի քաղաքը, որպեսզի այն պաշտպանեին ԻՊ-ի գրոհայիններից: Ակնհայտ է, որ ահաբեկչությունն ուղղված էր նրանց դեմ», հայտարարել է թուրքական խորհրդարանի պատգամավոր Ֆիկրետ Բիլան:
Թուրքական ոստիկանությունը տեղի ունեցածը համարել է ահաբեկչություն: Այնտեղ գտնում են, որ ահաբեկիչների նպատակն է պառակտում մտցնել թուրք հասարակության շրջանում:
Կոբանին ռազմավարական կարևոր քրդաբնակ քաղաք է: ԻՊ-ի զինյալները նախորդ տարի հարձակում սկսեցին քաղաքի վրա, որի արդյունքում տասնյակ հազարավոր մարդիկ հեռացել են Թուրքիա: