Ֆրանսիայի ԱԳ նախարարը հրավերով կմեկնի Իրան
Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսն ընդունել է իրանցի իր գործընկերոջ՝ Մոհամադ Ջավադ Զարիֆի հրավերքը և կմեկնի Իրան:
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, Զարիֆը Լորանին Իրան է հրավիրել միջուկային ծրագրի շուրջ Վիեննայում ձեռք բերված պատմական համաձայնության հասնելուց անմիջապես հետո:
Ֆաբիուսը Իրան կատարելիք այցի օրը չի հայտնել, միայն նշել է, որ Զարիֆին պատասխանել է, որ ընդունում է հրավերը և կայցելի Իրան:
Հիշեցնենք, որ Վիեննայում հուլիսի 14-ի գիշերը Իրանը և միջազգային վեցյակը կնքեցին Իրանի ատոմի երկարամյա հարցով համապարփակ համաձայնագիր: Բարդ ու տարաձայնություններով լի բանակցությունների արդյունքում ընդունվեց համատեղ գործողությունների ծրագիր, որի բոլոր կետերը կատարելուց հետո չեղյալ կհայտարարվեն Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները: