Սկանդալ խուլերի աշխարհի առաջնությունում. Լիտվան բացատրություն է պահանջել Թայվանից. տեսանյութ
Լիտվան բացատրություն է պահանջել Թայվանից այդ երկրում խուլերի միջև բասկետբոլի աշխարհի առաջնության պարգևատրման արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպի առթիվ:
Պարգևատրման արարողության ժամանակ՝ ի պատիվ Լիտվայի հավաքականի, որը հաղթել է առաջնությունում, մրցաշարի կազմակերպիչները միացրել են ոչ թե Լիտվայի, այլ Խորհրդային Լիտվայի օրհներգը:
«Մենք պարտավոր ենք արձագանքել, շուտով նամակ կուղարկենք Ռիգայում Թայվանի ներկայացուցչություն: Մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք, սակայն, անկասկած, բողոք ենք ներկայացնելու այդ ամոթալի փաստի առթիվ և բացատրություններ պահանջելու», հայտարարել է Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը:
«Պատճառներն առայժմ մեզ հայտնի չեն, մեզ ընդամենը տեղեկացրել են, որ կազմակերպիչները բանավոր ներողություն են խնդրել մեր մարզիկներին տեղի ունեցածի առնչությամբ, բայց թե ինչու է նման բան եղել, դեռ չգիտենք», ավելացրել է նախարարը: