211652_close_icon
views-count52174 դիտում article-date 14:07 13-07-2015

Առեղծվածային սպանություն Երևանում. Մալաթիայի ոստիկանները իր կնոջ եղբոր տանը հայտնաբերել են ՌԴ-ից օրերս ժամանած և հրազենով սպանված 46-ամյա տղամարդու դին

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնում քննիչ Միքայելյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ՝ հուլիսի 12-ին, ժամը 18:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապ օգնության 7-րդ ենթակայանի թիվ 72 խմբի կողմից Օհանովի փողոցի 17 շենքի թիվ 14 բնակարանում հայտնաբերված տղամարդու մահվան փաստով: Նշված հասցե են մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Սամվել Ասատրյանը, նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը, Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետ Ռոման Կիրակոսյանը, նույն բաժնի քննչական պետի տեղակալ Վարդանյանը: Վերջիններս պարզել են, որ նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչ, 42-ամյա Գվիտոն Հայրոյանը նշված բնակարանում հայտնաբերել է իր քրոջ ամուսնու՝ ՌԴ քաղաքացի, Ռոստովի մարզի Ազով քաղաքի Նադյոժնայա փողոցի բնակիչ, 46-ամյա Համլետ Ասատրյանի արնաշաղախ դին: Տեղում ժամանած դատաբժիշկը պարզել է, որ Հ. Ասատրյանը սպանվել է պարանոցի շրջանում հրազենային վնասվածքին բնորոշ վնասվածքի հետևանքով: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Ըստ տեղեկությունների՝ սպանված Հ. Ասատրյանը ամառային արձակուրդները Հայաստանում անցկացնելու նպատակով օրերս էր վերադարձել Հայաստան և ժամանակավորապես բնակվում էր իր կնոջ եղբոր տանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ սպանությունը բացահայտելու և այն կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ: Ճշտվում է նաև՝ արդյոք սպանվածի մոտից գողություն կատարվե՞լ է, թե՞ ոչ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր