Արտառոց միջադեպ՝ Շվեյցարիայում հավաք անցկացնող «Սպարտակի» հետ
Արտառոց միջադեպ է գրանցվել Շվեյցարիայում, որտեղ այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Մոսկվայի «Սպարտակը»:
Ռուսական ակումբի հետ նույն՝ «Santis Park» հյուրանոցում մնացող Սան-Մարինոյի «Լա Ֆիորիտա» թիմի խաղացողները փորձել են գողանալ «Սպարտակի» ֆուտբոլիստները մարզահագուստը: Այդ մասին հայտնել է հյուրանոցի աշխատակիցներից մեկը:
Սան-Մարինոյի թիմի մի քանի խաղացող գիշերը գաղտնի թափանցել են հյուրանոցի լվացքատուն, որտեղ չորացնելիս են եղել «Սպարտակի» խաղացողների մարզազգեստները, և փորձել դրանցից մի քանիսը գողանալ: Սակայն հյուրանոցի տեսախցիկների շնորհիվ «դարի կողոպուտը» կանխվել է:
«Սպարտակի» ներկայացուցիչներին այդ միջադեպը խիստ զայրացրել է, սակայն նրանք զերծ են մնացել ոստիկանություն դիմելուց:
Ընդ որում, հյուրանոցի աշխատակիցների և «Սպարտակի» համար հանելուկ է մնացել, թե սան-մարինացիների ինչներին է պետք եղել ռուսական թիմի կարմիր-սպիտակ մարզահագուստը, քանի որ «Լա Ֆիորիտայի» մարզազգեստը սպիտակ-դեղին է, իսկ երկրորդը՝ կապույտ: