211652_close_icon
views-count861 դիտում article-date 16:50 08-07-2015

ՀՀ բնապահպանության նախարարը մասնակցել է Նևյան միջազգային բնապահպանական 7-րդ համագումարին

ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի և Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի համատեղ կազմակերպած «Բնապահպանական անվտանգության ռազմավարություն, իրականացման մեխանիզմներ» խորագրով Նևյան միջազգային բնապահպանական 7-րդ համագումարը, որին մասնակցել են ԱՊՀ անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ և շուրջ 32 երկրներ ներկայացնող փորձագետներ: Համագումարը ղեկավարել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: «Բնապահպանական անվտանգության ռազմավարություն, իրականացման մեխանիզմներ» խորագրով հանդիպմանը քննարկվել են բնապահպանական անվտանգության ռազմավարության իրականացման հնարավոր մեխանիզմները: Համագումարի շրջանակներում ԱՊՀ երկրները ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաներ անդրադարձել են բնապահպանական անվտանգությունն ապահովող ռազմավարությունների ու ծրագրերի իրականացման վերաբերյալ հարցերի: Կլոր սեղանների շուրջ տեղի են ունեցել բնական ռեսուրսների պահպանության և օգտագործման օրենսդրության կատարելագործման, էկոհամակարգերի պահպանության, բնական և տեխնածին բնապահպանական աղետների հետևանքների մեղմմանն ուղղված միասնական մոտեցումներին վերաբերող քննարկումներ: Լիագումար նիստի ընթացքում ելույթով հանդես է եկել ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: Ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը շրջակա միջավայրի անվտանգության ռազմավարության հիմնական նպատակների, բնապահպանական խնդիրների առաջնահերթությունների, ոլորտի ձեռքբերումների և հետագա գործողությունների վերաբերյալ` նախարարը մասնավորապես նշել է. "Կլիմայի գլոբալ փոփոխությունները, օդի և ջրի անդրսահմանային աղտոտվածությունը, բնական ռեսուրսների գերշահագործումը, հողերի դեգրադացիան, կենսաբազմազանության կորուստները, բնական և տեխնածին աղետները լուրջ սպառնալիքներ են էկոհամակարգերի կենսագործունեության համար: Այս սպառնալիքների կանխումը կամ դրանց հետևանքների չեզոքացումը այն ռազմավարական խնդիրն է, որի լուծման համար անհրաժեշտ է հստակեցնել բնապահպանական անվտանգության ոլորտի առաջնահերթությունները և կիրառել կայուն զարգացում ապահովող փոխհամաձայնեցված և ներդաշնակ միջոցառումներ: Հայաստանի Հանրապետության բնապահպանական գլխավոր առաջնահերթություններն են` երկրի բնական ռեսուրսների օպտիմալ օգտագործումը, Սևանա լճի էկոհամակարգի վերականգնումը, անտառային տարածքների վերականգնումը, կենսաբազմազանության պահպանությունը և այլն: Շնորհիվ ՀՀ կառավարության կողմից հաստատված շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ազգային ծրագրերի իրականացման` այսօր կարելի է ընդգծել դրական տեղաշարժ բնապահպանական անվտանգության ամրապնդման ուղղությամբ: Մասնավորապես` 2001-ից գրանցվել է Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացում 3.7մ` ջրի որակի բարելավմամբ, ներդրվել է ջրային ռեսուրսների ջրավազանային կառավարման համակարգ, խմելու ջրի ջրամատակարարման տևողության օրական միջինը հանրապետության մասշտաբով կազմում է 17 ժամ, ընդլայնվել է բնության հատուկ պահպանվող տարածքների ցանցը, որը կազմում է հանրապետության տարածքի մոտ 13%-ը, իրականացվել են անտառվերականգնման և անտառպահպանման լայնածավալ աշխատանքներ ավելի քան 33հազ. հա տարածքի վրա: Վերջին 15 տարիների ընթացքում բնապահպանական օրենսդրության կատարելագործման ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունն ընդունել է 30 օրենքներ և ավելի քան 600 ենթաօրենսդրական ակտեր: Էականորեն աճել է հասարակայնության դերը որոշումների ընդունման գործընթացում: Այնուամենայնիվ, Հայաստանի բնապահպանական անվտանգության ապահովման համար դեռևս շատ անելիքներ առջևում են: Մասնավորապես` ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման նպատակով նախատեսվում է ավտոմատ կառավարման համակարգի և ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում, ինչպես նաև ջրամատակարարման համակարգի կատարելագործում: Շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցման նպատակով հատուկ ուշադրություն է դարձվելու օգտակար հանածոների հանքավայրերի համալիր օգտագործման ընթացքում հանքահումքի մշակման և վերամշակման ժամանակակից մեթոդների կիրառման անհրաժեշտությանը: Միաժամանակ անտառների վերականգնամանը զուգընթաց` պետք է ակտիվանա ապօրինի ծառահատումների դեմ պայքարը: Մենք կարծում ենք, որ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում միջազգային համագործակցությունը, այդ թվում նաև ԱՊՀ շրջանակներում, կարող է նպաստել ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային բնապահպանական խնդիրների լուծմանը: Ավելին, շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված նմանատիպ գործողությունները կարող են նպաստել նաև քաղաքական բնույթի խնդիրների լուծմանը": Ամփոփելով ելույթը` նախարարը մեկ անգամ ևս շեշտել է Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը բոլոր հնարավոր մակարդակներում կայուն և հավասարակշռված զարգացման սկզբունքով ակտիվորեն համագործակցելու ուղղությամբ: Համագումարի մասնակիցների կողմից ընդգծվել է ԱՊՀ անդամ երկրներում բնապահպանական օրենսդրության կատարելագործման կարևորությունը: Նիստի ընթացքում կազմվել են բնապահպանական անվտանգության ապահովման մեխանիզմների մշակման ուղղությամբ առաջարկություններ, մասնավորապես իրավական ապահովման, բնապահպանական ուղղվածության գյուղատնտեսության զարգացման, ջրային ռեսուրսների պահպանության, օգտակար հանածոների արդյունահանման, տարածքների արդյունավետ զարգացման տեսանկյուններից: Հանդիպման ավարտին որոշվել է ԱՊՀ անդամ երկրների բնապահպանական անվտանգության ազգային ռազմավարությունների նախապատրաստման նպատակով մշակել առաջարկություններ` մասնավորապես տեխնածին աղետների կանխարգելման և հետևանքների վերացման ոլորտում անդրսահմանային համագործակցության ընդլայնման, բնապահպանական հրատապ հիմնախնդիրների լուծմանն ուղղված ազգային նպատակային ֆոնդերի ստեղծման, անթափոն և էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների խթանման, բնական ռեսուրսների երկրորդային օգտագործման արդյունաբերության զարգացման և հասարակության կողմից բնապահպանական վերահսկողության իրականացման մեխանիզմների մշակման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր