Նախագահը մասնակցել է Բուժքույրերի միջազգային օրվան նվիրված համագումարին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 12-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում մասնակցել է Բուժքույրերի միջազգային օրվան նվիրված համագումարի բացմանը:
Իր խոսքում երկրի ղեկավարը կարեւորել է նման ներկայացուցչական միջոցառման անցկացումն Արցախում, ինչն արդեն դառնում է բարի ավանդույթ եւ անկասկած իր դրական ազդեցությունը կունենա մեր հանրապետության առողջապահության ոլորտի զարգացման վրա:
Բակո Սահակյանը նշել է, որ առողջապահությունը մեր տնտեսության ռազմավարական եւ առանցքային ճյուղերից մեկն է, եւ դրանից ելնելով, այստեղ իրականացվում են լայնածավալ ծրագրեր` ուղղված բնակչության որակյալ բուժսպասարկման ապահովմանը եւ նրա մակարդակի շարունակական բարձրացմանը: Նախագահը հատուկ ընդգծել է այս գործընթացում բուժանձնակազմի եւ, մասնավորապես, բուժքույրերի դերը, ովքեր մասնագիտական ունակությունների հետ մեկտեղ պետք է ունենան նաեւ մարդկային բարձր որակներ եւ կապող օղակ հանդիսանան բժիշկների ու բուժվող հիվանդների միջեւ:
Համագումարին մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք: