211652_close_icon
views-count1579 դիտում article-date 17:02 06-07-2015

ՈԱԱԿ-ը նախապատրաստվում է բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) անդամակցությանը

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամն եվրոպացի գործընկերների աջակցությամբ պատրաստվում է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) անդամակցությանը: Հուլիսի 6-7-ին ՈԱԱԿ-ում հիմնադրամի աշխատակազմի, ENQA-ի փոխտնօրեն, Ֆիննական կրթության գնահատման կենտրոնի բաժնի ղեկավար (FINEEC) Հելկա Կեկալաինենի և «Հայաստանում բարձրագույն կրթության ոլորտի հզորացում» թվինինգ ծրագրի մշտական խորհրդատու Կարլ Հոլմի մասնակցությամբ տեղի է ունենում աշխատաժողով` նվիրված ՈԱԱԿ գործունեությանը և ENQA անդամակցության նախապատրաստական աշխատանքներին: Հանդիպման մեկնարկին ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը եվրոպացի մասնագետներին ներկայացրեց բուհերի հավատարմագրման ոլորտում ՀՀ պետական քաղաքականությունը, ՈԱԱԿ իրականացրած և ընթացիկ հավատարմագրման գործընթացները, հավատարմագրման հանձնաժողովի կայացրած որոշումները: Այնուհետև ՈԱԱԿ-ի որակի ներքին ապահովման պատասխանատու Անի Մկրտչյանը ներկայացրեց որակի ապահովման շրջանակը Հայաստանում, ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման մոդելները մեր երկրում, հավատարմագրման կարգը և գործընթացի մանրամասները` պատասխանելով նաև եվրոպացի հյուրերին հետաքրքրող հարցերին: Երկօրյա աշխատաժողովի ընթացքում անդրադարձ կկատարվի նաև վերանայված Որակի ապահովման եվրոպական չափորոշիչներին և ուղենիշներին, փաստաթղթի ազդեցությանը ֆիննական և հայկական բարձրագույն կրթության համակարգի և որակի ապահովման գործակալությունների աշխատանքի վրա: Կքննարկվեն Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիային (ENQA) ՈԱԱԿ-ի անդամակցության ու Եվրոպական որակի ապահովման գրանցամատյանում (EQAR) ընդգրկման գործընթացը և նախապատրաստական աշխատանքները: Նշենք, որ ՈԱԱԿ-ը 2009-ից ENQA նախնական անդամ է և նախատեսում է 2016-ի սկզբին դիմել լիիրավ անդամակցության համար:

Նմանատիպ նյութեր