211652_close_icon
views-count6255 դիտում article-date 21:02 13-04-2017

Հայաստանը դարձել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի անդամ

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) դարձել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի (ENQA) լիիրավ անդամ: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին ՈԱԱԿ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարուժան Ավետիքյանը և տնօրեն Ռուբեն Թոփչյանը: «Այս անդամակցությունը նշանակում է, որ ՈԱԱԿ-ի կողմից իրականացվող հավատարմագրումները համապատասխանում են եվրոպական չափանիշներին, նույնական են եվրոպական գործընթացների հետ և ճանաչելի են Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի կողմից»,- ասաց ՈԱԱԿ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարուժան Ավետիքյանը: ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանը նշեց, որ կառույցը դեռ 2009-ից ENQA-ի նախնական անդամ էր. «Իրենք հետևում էին մեր գործունեությանը, սակայն մեր արդյունքները Ցանցում չէին երևում որպես ճանաչված»: Թոփչյանը նշեց, որ անցած տարիների ընթացքում ՈԱԱԿ-ը մեծածավալ աշխատանք է իրականացրել՝ Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցին ցույց տալու, որ աշխատում է նույն չափանիշներով ու սկզբունքներով, ինչ եվրոպական գործակալությունները: Անդրադառնալով հարցին, թե ENQA անդամակցությունն ինչպես իրենց վրա կզգան արտերկրում սովորելու ցանկություն ունեցող ուսանողները, Թոփչյանն ասաց. «Երբ որևէ բուհ փորձում է պայմանագիր կնքել եվրոպական բուհի հետ ուսանողների փոխանակման համար, Եվրոպայում նախ և առաջ դիտարկում են՝ հավատարմագրվա՞ծ է արդյոք այդ բուհը և ո՞ւմ կողմից է հավատարմագրված: Այժմ ՈԱԱԿ-ի կողմից հավատարմագրված լինելը համարժեք է եվրոպական հավատարմագրմանը: Այս պարագայում պայմանագրի կնքման և արդյունքների ճանաչման հնարավորությունները մեծանում են»: «ՈԱԱԿ-ի կողմից հավատարմագրված բուհը նաև մեր միջոցով դառնում է եվրոպական բուհական ընտանիքի անդամ, ինչն էականորեն բարձրացնում է նրանց վարկանիշը որպես կրթություն մատուցող կառույց»,- ասաց Ավետիքյանը: Պարոն Ավետիքյանը և պարոն Թոփչյանը կարևորեցին Հայաստանում ինստիտուցիոնալ հավատարմագրումների առաջին շրջափուլի հաջողությամբ իրականացումը. ներկա դրությամբ երկրում գործող բոլոր պետական բուհերը կամ արդեն հավատարմագրվել են, կամ հավատարմագրման գործընթացում են: Մասնավոր բուհերից դեռևս հավատարմագրվել են երեքը: «Ուսանողներն, օրինակ, կարևորում են, որ դասախոսների մի մասը երիտասարդներ լինեն՝ համարելով, որ նրանք առավել պրակտիկ գիտելիքներ են տալիս: Այսօր շրջանավարտը հաճախ դժվարանում է բուհում ստացած տեսական գիտելիքն աշխատավայրում կիրառել: Դրա համար այդ գիտելիքը դեռ բուհում պետք է պրակտիկի վերածվի»,- ասաց պարոն Թոփչյանը: Նա նաև նշեց, որ ներկայում գործող կարգերը խոչընդոտ են այս առումով: [b]«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամ[/b]

Նմանատիպ նյութեր