Մեկնարկել է Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորման 3-րդ պատգամավորական ժողովը
Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի նախագահությամբ ս/թ հուլիսի 1-5-ը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների սրահում կմեկնարկի Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորման (ՀԵԵՄ) 3-րդ պատգամավորական ժողովը:
Ժողովին իրենց մասնակցությունն են բերելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր սպասավորներ, Սփյուռքի և տեղական թեմերի և հայրապետական պատվիրակությունների ներկայացուցիչ երիտասարդներ:
Ժողովի օրակարգային խնդիրներն են` ՀԵԵՄ ընդհանուր ուղեցույցի և բյուջեի նախագծի քննարկումը, միջթեմական համագործակցության ծրագրերը:
Մասնակից երիտասարդները հանդես կգան թեմական շնորհանդեսներով` ներկայացնելով իրենց թեմական գործունեությունը, և կփորձեն համագործակցության տարբերակներ ու ծրագրեր մշակել քույր թեմերի հետ:
Երիտասարդները հանդիպում կունենան Վեհափառ Հայրապետի հետ, կհյուրընկալվեն Արմավիրի թեմում, կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, կմասնակցեն ժամերգություններին և Սուրբ Պատարագին: