1021 դիտում
15:52 01-07-2015
«Հայաստանը և հայերը Առաջին համաշխարհային պատերազմում» վիրտուալ թանգարան՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը
Հայ-ֆրանսիական բարեկամության ևս մեկ ապացույց. այս անգամ` վիրտուալ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում երեկ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կայացավ «Հայաստանը և հայերը Առաջին համաշխարհային պատերազմում» վիրտուալ թանգարանի շնորհանդեսը:
Վիրտուալ թանգարանը նպատակ ունի ինչպես հանրության լայն շրջանակներին՝ Հայաստանում և սփյուռքում, այնպես էլ գիտնականներին առավել հանգամանորեն ծանոթացնել Առաջին համաշխարհային պատերազմում Հայաստանի, հայերի տեղին, պատմական, դիվանագիտական ասպեկտներին, ցեղասպանության հետևանքով մարդկային ողբերգությանը և թե ինչպես Հայաստանը կարողացավ դիմակայել, ոտքի կանգնել և իր փորձությունը դարձնել ուժ՝ իր ապագան կերտելու համար:
Թանգարանի ստեղծման գաղափարն առաջացել է 2014 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակի առթիվ և 2015 թ. հարստացվել ցեղասպանության մասին փաստաթղթերով:
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն իր գոհունակությունը հայտնեց Ֆրանսիայի նախագահի Հայաստան այցելության ժամանակ ստորագրված հայ-ֆրանսիական համաձայնագրի շրջանակներում ծրագրված վիրտուալ ցուցահանդեսի շնորհանդեսի առիթով. «Կայքը հայ-ֆրանսիական համատեղ ավանդի ներդրում է՝ այս տարին նշանավորած պատմական իրադարձության՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համատեքստում»: Դեսպանը տեղեկացրեց, որ վիրտուալ թանգարանը Ֆրանսիայի ԱԳՆ պետական պահոցների ու արխիվների և ՀՀ պետական արխիվի համագործակցության արդյունքն է:
«ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ 2014 թ. սկսվեց մի ծրագրի իրականացում, որի նպատակն է արխիվային փաստաթղթերի հիման վրա ներկայացնել հայ-ֆրանսիական կապերը 20-րդ դարի սկզբին՝ 1914-1918 թվականներին, այսինքն` Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Ուրախ եմ այսօր ներկա գտնվել ծրագրի ներկայացմանը»,- ասաց ՀՀ ՏԿԱԻՆ Հայաստանի ազգային արխիվի տնօրեն՝ Ամատունի Վիրաբյանը:
Նա նշեց, որ ծրագիրը շարունակվելու է մինչև 2018 թվականը. «Ամեն տարի նոր բաներ ենք ավելացնելու եղածին. նոր փաստաթղթեր, բաժիններ, և 2018 թ. կունենանք մի ամենօրյա թարմացմամբ կայք-էջ, որը կլինի հայ-ֆրանսիական կապերի, բարեկամության մասին: 2018 թ. հետո ևս աշխատանքները կշարունակվեն, քանի որ մեր կապերը չեն սպառվում, դրանք շարունակվում են»:
Նա անդրադարձավ նաև Հայոց ցեղասպանության տարիներին Ֆրանսիայի դիրքորոշմանը. «1915 թվականին Ֆրանսիայի Հանրապետությունը, Անգլիան ու Ռուսաստանը հանդես եկան մի հայտարարությամբ, որով հայերի նկատմամբ իրագործվածն անվանեցին մարդկության դեմ հանցագործություն:
Բացի այդ, Ֆրանսիան դարձավ այն երկրներից մեկը, որն ապաստան տվեց մեծ քանակությամբ հայ գաղթականների»:
Ծրագրում ներկայացված է 46 փաստաթուղթ, ներառյալ նաև այս ցուցադրության մեջ առաջին անգամ տեղադրված Կովկասյան ճակատի քրոնիկոնը: Բացի այդ` կայքում փաստաթղթեր կան Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ֆրանսիական բանակի կազմում կռվող հայկական՝ Արևելյան լեգեոնի մասին, որն աչքի է ընկել Միջին Արևելքում:
Ծրագրի ֆրանսիական կողմը ներկայացնող Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի տնօրեն Կլեր Մուրադյանը նշեց, որ ամեն տարի ցուցահանդեսի բաժինները կհամալրվեն, արխիվային նյութերի թիվը կաճի: Կայքը եռալեզու կլինի՝ ֆրանսերեն, անգլերեն և հայերեն: Այլ նյութերի շարքում կլինի նաև Փարիզի խաղաղության կոնֆերանսի ժամանակ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի տարածքային պահանջների քարտեզը:
Նմանատիպ նյութեր
1654 դիտում
11:09 29-03-2024
Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում. ՏԵՍԱՆՅՈւԹ
772 դիտում
11:50 23-05-2015
«Թանգարանների գիշեր» ծրագրի շրջանակում բացվել է «Գորգի վիրտուալ թանգարան» կայքէջը
295 դիտում
08:55 02-10-2020
Այս պատերազմում ուժեղ ենք նաև վիրտուալ հատվածում․ «Իրատես»
Այս բաժնից
1063 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1420 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1231 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան