ՏԿԱԻ նախարարն ընդունել է Գերմանիայում ՀՀ դեսպանին
Հունիսի 23-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին: Դեսպանի այցի նպատակն էր տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների ոլորտում հայ-գերմանական համագործակցության ընդլայնումը:
ՏԿԱԻ նախարարը նշեց, որ նախարարությունը նախկինում էլ սերտորեն համագործակցել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ, սակայն, հաշվի առնելով նախարարության պարտականությունների ընդլայնումը նաև տարածքային կառավարման մասով, ՏԿԱԻՆ-ի համագործակցությունը գերմանական համապատասխան գերատեսչությունների հետ ընդլայնման կարիք ունի: Արտակարգ իրավիճակների ոլորտում համագործակցության շրջանակներում նախարար Երիցյանն առանձնացրեց Հայաստանի մարզերի ապահովումը հրշեջ-փրկարարական և շտապ օգնության մեքենաներով, ինչպես նաև՝ մասնագետների վերապատրաստման խնդիրը:
«Երևանում բոլոր ուղղություններով մենք ունենք արդիական տեխնիկա, սակայն մարզերում կա տեխնիկայի արդիականացման և լավ վերապատրաստված մասնագետների խնդիր, ուստի՝ որպես հայ-գերմանական համագործակցության նոր փուլ կարևորվում է ապակենտրոնացված համագործակցությունը»,-նշեց նախարար Երիցյանը:
Անդրադառնալով հայ-գերմանական ապակենտրոնացված համագործակցությանը՝ դեսպան Ա. Սմբատյանը նշեց, որ Գերմանիայի և Հայաստանի մարզերն իրենց մասշտաբներով համարժեքության խնդիր ունեն, ուստի մարզերի միջև համագործակցությունը ճիշտ համապատասխանեցնելու համար հարկավոր է ըստ ոլորտների կոնկրետ ծրագրեր մշակել, հնարավոր է՝ գյուղատնտեսական ոլորտում:
Նախարար Երիցյանը պատրաստակամություն հայտնեց քննարկել և կյանքի կոչել ցանկացած ծրագիր, որը կնպաստի արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման մասով հայ-գերմանական համագործակցության ընդլայնմանը:
Դեսպան Ա. Սմբատյանը խոստացավ ՏԿԱԻ նախարարի առաջարկությունները հնչեցնել ԳԴՀ-ի Տնտեսական համագործակցության և ԱԻ նախարարությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: