211652_close_icon
views-count1013 դիտում article-date 21:40 26-02-2015

ՏԿԱԻ նախարարն ընդունել է Ավստրիայի դեսպանին

Փետրվարի 26-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունեց ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վիեննա) Ալոիս Կրաուտին և Մոսկվայում Ավստրիայի Հանրապետության դեսպանատան ռազմական կցորդ, գնդապետ Պլատերտին: Այցի նպատակն էր ՀՀ կառավարության հետ համատեղ արտակարգ իրավիճակներում բնակչության տարհանման ընդհանուր պլանի մշակումը: Սա դեսպանի առաջին այցն էր ՏԿԱԻՆ և կրում էր նաև ճանաչողական բնույթ: Ողջունելով հյուրերին՝ նախարար Երիցյանը ներկայացրեց նախարարության ընդհանուր գործունեությունն արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման բնագավառում: Շնորհակալություն հայտնելով նախարարին ջերմ ընդունելության համար՝ դեսպան Կրաուտը նշեց, որ Հայաստանում շատ են ավստրիացի զբոսաշրջիկները, ինչպես նաև՝ զանազան աշխատանքային ծրագրեր իրականացնող ավստրիացիները, և ավստրիական կողմը ցանկանում է ՀՀ կառավարության հետ արտակարգ իրավիճակներում գործելու ընդհանուր ծրագիր մշակել: Այս նպատակով ապրիլի 15-ից Հայաստան է ժամանելու Ավստրիայի աղետների աջակցության թիմը, որում ընդգրկված են լինելու երեքական ներկայացուցիչ Ավստրիայի պաշտպանության, ներքին գործերի և արտաքին գործերի նախարարություններից: Խմբի առաջին կայանատեղին լինելու է Գյումրին, որտեղ Ավստրիայի զարգացման գործակալությունն իրականացնում է մանկական հիվանդանոցի վերանորոգում և աշխատանքներ է տանում երիտասարդ հաշմանդամների հետ, որպեսզի վերջիններիս ավելի հեշտ լինի ինտեգրվել հասարակական կյանքին: Ապրիլի 16-ին աղետների աջակցության թիմը կայցելի Զվարթնոց օդանավակայան, ապա Հայաստանի այն վայրերը, որտեղ շատ զբոսաշրջիկներ են լինում, և որոնք աղետների հարցում առավել վտանգավոր են:

Նմանատիպ նյութեր