1012 դիտում
16:26 15-06-2015
Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի 1-ին մրցանակը շնորհվեց Իվա Միլետիչին
Հունիսի 14-ին եզրագիծը հատեց Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթը` ջութակ մասնագիտությամբ։ Այս տարի խաչատրյանական մրցույթի առաջին մրցանակը ժյուրին շնորհեց Սերբիան ներկայացնող ջութակահարուհի Իվա Միլետիչին։ Ժյուրիի որոշմամբ երկրորդ մրցանակը կիսում են Դավիթ Արդուխանյանը (Ռուսաստան) և Անդրեա Օբիսոն (Իտալիա)։ Իսկ երրորդ մրցանակակիրներ դարձան Պիեռ Ֆրապիերը (Ֆրանսիա) և Մարիամ Վարդանյանը (Հայաստան)։
Մրցույթի շրջանակներում սահմանվել էին և հանձնվեցին նաև հատուկ մրցանակներ։ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի հաղթող Իվա Միլետիչին շվեյցարական Del Gesu հիմնադրամը մեկ տարի նվագելու իրավունքով տրամադրել է J.B.Vuillaume-ի 1825թ. ջութակը։ Նա այս տարվա դեկտեմբերին հանդես կգա նաև Երևանում անցկացվելիք Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակերում։
Ինքը՝ Իվա Միլետիչը, նշում է, որ մեծ տպավորություններ ունի Խաչատրյանի անվան միջազգային մրցույթից։ Երաժիշտը նկատեց, որ մինչ մասնակցելն էլ շատ լավ արձագանքներ է լսել, և հաճելի է, որ ինքն էլ մրցույթի մի մասնիկն է դարձել՝ հանդիպելով մեծանուն ժյուրիի անդամների, մրցույթի հյուրերի հետ։ Ջութակահարուհին խոստովանում է, որ մրցույթի ընթացքը բավականին դժվար էր, սակայն ուրախ է մասնակցության համար։ Նա նաև ընդգծեց մրցույթի բարձր կազմակերպվածությունը։ Խոսելով Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների մասին՝ Իվա Միլետիչը նշեց, որ կոմպոզիտորի Ջութակի կոնցերտը ծանոթ էր իրեն և այս օրերին մեծ բավականություն է ստացել նվագելով այն։
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանը կարևորեց այն հանգամանքը, որ տարեցտարի մեծանում են Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մասնակիցների թիվը և աշխարհագրությունը։ Պարոն Սմբատյանն ընդգծեց, որ մրցույթի մասնակիցների կատարողական վարպետությունը շատ բարձր էր. մասնակիցների մոտ 30-40 տոկոսը մի քանի միջազգային մրցույթների դափնեկիրներ էին։
Ժյուրիի նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ Էդուարդ Թադևոսյանը հույս հայտնեց, որ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններն աշխարհում կտարածվեն նաև նրա անվան միջազգային մրցույթի մասնակիցների և դափնեկիրների միջոցով։
11-րդ միջազգային մրցույթի փակման գալա համերգի ընթացքում ներկայացվեցին փոքրիկ տեսաֆիլմեր մեծ կոմպոզիտորի և նրա անունը կրող միջազգային մրցույթի մասին։ Երեկոյի ընթացքում առաջին մրցանակակիր Իվա Միլետիչը մրցույթի պաշտոնական նվագախումբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ևս մեկ անգամ կատարեց Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։
Նշենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին այս տարի մասնակցել է 17 երկրի 25 ջութակահար։ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի արդյունքում և անցկացվելում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է:
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի գլխավոր գործընկերն էր ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС): 11-րդ մրցույթի հովանավորն էր «Յուքոմ» ընկերությունը, որի շնորհիվ մշակութային այս իրադարձությունը հեռարձակվել է առցանց։
Նմանատիպ նյութեր
1450 դիտում
16:21 26-05-2021
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի բացման համերգին ելույթ կունենան մրցույթի նախորդ տարիների դափնեկիրները
1191 դիտում
15:48 06-06-2015
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մասնակիցները ծաղիկներ են խոնարհել Արամ Խաչատրյանի շիրմին. լուսանկարներ
2994 դիտում
11:29 15-06-2019
Խաչատրյանի միջազգային մրցույթի առաջին մրցանակը շնորհվել է Հռիփսիմե Աղաքարյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
721 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
1012 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով
646 դիտում
15:09 27-11-2024
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան