211652_close_icon
views-count1486 դիտում article-date 16:21 26-05-2021

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի բացման համերգին ելույթ կունենան մրցույթի նախորդ տարիների դափնեկիրները

Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 6-ին՝ ժամը 19.30, Արամ Խաչատրյան համերգասրահում։ Համերգային ծրագրում կհնչեն Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» սյուիտը, Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն «Սպարտակ» բալետից, Էգինայի վարիացիան և խրախճանքի տեսարանը «Սպարտակ» բալետից, Կոնցերտ-ռապսոդիան թավջութակի և նվագախմբի համար։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա մրցույթի նախորդ տարիների հաղթող, թավջութակահար Ջոնաթան Սվենսենը։ Համերգը կղեկավարեն դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը և Ջուն Սան Պարկը, որը 2016թ. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի դափնեկիր է։ 

Հիշեցնենք, որ հունիսի 6-12-ը Երևանում անցկացվելիք Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը տեղի կունենա դիրիժորություն մասնագիտությամբ։

Մրցույթը համաշխարհային երաժշտական աշխարհում մեծ ճանաչում ունի։ Այն Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է, հայկական միակ մրցույթը, որ արժանացել է նման պատվի և անցկացվում է համաշխարհային այս կառույցի չափորոշիչներով։
Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ՀՀ նախագահի և նրա տիկնոջ բարձր հովանու ներքո։ Երաժշտական այս խոշորագույն միջոցառման կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը։ 
 

Նմանատիպ նյութեր