Սարգիս Հովսեփյան. Նպատակ ունենք գեղեցիկ խաղ ցուցադրել ու հաղթել
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի մամուլի ասուլիսը, որտեղ նա խոսել է վաղը Պորտուգալիայի հավաքականի հետ կայանալիք հանդիպմանը:
[b] - Բեռնար Շալանդը հեռացվել է վատ արդյունքերի պատճառով. Ձեր հեռանկարն ինչպիսի՞ն է:[/b]
- Յուրաքանչյուր մարզիչ իր ձեռագիրն ունի: Հնարավոր է՝ տղաները չհասկանան նրան, կամ հակառակը: Ես իմ մտքերն ունեմ: Շատ կարճ ժամանակ է մնացել, ընդամենը մեկ օրից կերևա, թե ես ինչ կարողացա տալ հավաքականին: Մարզիչը ես եմ և ինքս եմ որոշել` տվյալ պահին ով է անհրաժեշտ հավաքականին:
[b] - Զարմանալի է թվում Մինսկի «Դինամոյի»` մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ Արթուր Եդիգարյանի՝ հավաքական չհրավիրվելը...[/b]
- Դուք լրագրող եք և չեք կարող պատկերացնել իրավիճակը: Ինքս եմ տեսել նրա մարզումները և վերջին խաղը ու գտել եմ, որ պետք չէ նրան հրավիրել հավաքական: Մարզիչը ես եմ և ինքս լավ գիտեմ, թե ում հրավիրել: Եկեք հավատանք մարզչին:
[b] - Վաղվա խաղին առնչվող խնդիրները որո՞նք են:[/b]
- Հասկանում ենք, որ աստղեր են ժամանել: Կփորձենք մեր խնդիրները լուծել. բոլորս էլ գիտենք, որ բարդ է լինելու: Հնարավոր է պայքարել, մնում է գտնել նրանց թույլ կողմերը, հակադրել մեր ուժեղ կողմերը և լավ խաղ ցուցադրել: Առաջին անգամը չէ, որ խաղում ենք Պորտուգալիայի դեմ, ամեն ինչ հնարավոր է:
Մենք ցանկանում ենք լավ, դիտարժան ֆուտբոլ խաղալ: Եթե դրական արդյունքի էլ չհասնենք, պետք է լավ խաղ ցուցադրենք:
[b] - Ինչպիսի՞ մարզավիճակում են Կառլեն Մկրտչյանն ու Լևոն Հայրապետյանը:[/b]
- Կառլենը լավ մարզավիճակում է: Որոշ ժամանակ պրակտիկա չուներ և դա ազդել էր մարզավիճակի վրա, սակայն այժմ ամեն ինչ կարգին է: Նույնը կարող եմ ասել Լևոնի մասին:
[b] - Հայաստանի հավաքականը զիջելո՞ւ է գնդակի վերահսկումը Պորտուգալիային:[/b]
- Կարևոր է վերահսկել իրավիճակը: Կարևորում եմ այն, որ մրցակցին թույլ չտանք պահեր ստեղծել ու իրացնել դրանք:
[b] - Առաջին խաղն է Ձեզ համար, իսկ հավաքականը բարդ իրավիճակում է. հեռանկարային առումով ի՞նչ եք դրել Ձեր առջև:[/b]
- Դեռևս առաջին խաղն է, և ես ոչինչ ասել չեմ կարող: Յուրաքանչյուր խաղում մեզ հաղթանակ է անհրաժեշտ: Դա դրական կանդրադառնա ֆուտբոլիստների և ինձ վրա:
[b] - Ի՞նչ նպատակներ են դրվել Ձեր առջև:[/b]
- Նպատակ կա գեղեցիկ խաղ ցուցադրել ու հաղթել: Որևէ մարզիչ առանց նպատակի չի նշանակվում:
[b] - Հավաքականի ֆուտբոլիստները ֆիզիկապես ինչքանո՞վ են պատրաստ:[/b]
- Մեկնարկային կազմում հայտնված բոլոր ֆուտբոլիստներն ամբողջապես պատրաստ կլինեն: Ովքեր թերի են պատրաստ, իրենց չափով խաղաժամանակ կստանան:
[b] - Հայաստանի հավաքականը հարձակվողակա՞ն է գործելու:[/b]
- Չեմ ցանկանում գաղտնիքներ բացել: Քիչ ժամանակ է մնացել և բոլորն էլ կտեսնեն, թե ինչպես ենք գործելու:
[b] - Ակումբային կարիերայում Ձեր վերջին հաջողությունները դրական ազդեցություն ունենալո՞ւ են Ձեր՝ որպես հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:[/b]
- Ինձ համար այս ամենը նոր է: Աշխատանքը ցույց կտա, ես կփորձեմ ապացուցել՝ կարող եմ օգնել ազգային թիմին, թե ոչ: Անիմաստ է առաջնության և ազգային թիմի խաղերը համեմատելը:
[b] - Յուրա Մովսիսյանի բացակայության վերաբերյալ ի՞նչ կասեք:[/b]
- Չկա այնպիսի ֆուտբոլիստ, ով անփոխարինելի է: Հավատացնում եմ, որ Յուրայի փոխարինողն ավելի հաջող կգործի, քանի որ ապացուցելու ավելի շատ բան կունենա: Յուրաքանչյուրն էլ Յուրայի փոխարեն կձգտի շատ հաջող խաղալ: