211652_close_icon
views-count20092 դիտում article-date 11:48 10-06-2015

Դատախազի ցուցումով ազատ արձակված, ոստիկանների վրա զենք պահած բժշկի որդին հիմա էլ ծեծի է ենթարկել ԱԱԾ նախկին աշխատակցին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 9-ին, ոստիկանության Արմավիրի բաժին հայտարարություն է տվել Արմավիր քաղաքի Թումանյան փողոցի 27 տան բնակիչ, 60-ամյա Յուրա Գալստյանը և հայտնել, որ իր հարևանը ծեծի է ենթարկել իրեն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Յու. Գալստյանը հայտարարել է նաև, որ նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, իր տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր հարևանը՝ Թումանյան փողոցի 29 տան բնակիչ, 21-ամյա Էդգար Գառնիկի Դավթյանը իրեն ծեծի է ենթարկել՝ դեմքի շրջանում պատճառելով վնասվածքներ, որից հետո տանից դուրս գալուց կոտրել է միջանցքւմ գտնվող հայելին: Յու. Գալստյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Յու. Գալստյանը Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակից է, ներկայում՝ թոշակառու, իսկ նրա նշած երիտասարդը՝ Է. Դավթյանը, սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանի 3-րդ կուրսում, ով Արմավիրի հիվանդանոցի բաժնի վարիչներից մեկի տղան է: Ի դեպ, այս տարվա մարտի 28-ին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկություն էր հրապարակել, որ նույն բժշկի որդին Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում անհարգալից վերաբերմունք էր ցուցաբերել քաղաքացիների և ճանապարհային ոստիկանների նկատմամբ, երբ ՃՈ աշխատակիցները կանգնեցրել էին նրա Audi A4 մակնիշի ավտոմեքենան, որի առջևի համարանիշները չկային, որից հետո «ծալապակաս» ուսանողը իր մոտ եղած «Վալտեր» տեսակի ատրճանակը, որը լիցքավորված է եղել 3 փամփուշտներով, պահել էր ՃՈ աշխատակիցների վրա և այդ ամենը տևել էր 10 րոպեից ավելի: Այդ ժամանակ դատախազի ցուցումով բժշկի անուղղելի զավակն ազատ արձակվեց, իսկ եթե ժամանակին կատարած խուլիգանության համար պատասխանատվության ենթարկվեր, ապա երեկվա դեպքը տեղի չէր ունենա, մինչդեռ դատախազը նպատակահարմար էր գտել հայրիկի փափկասուն բալիկին ազատ արձակել: Ավելի վաղ ֆոտոլրագրողը [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/28/47808/]հայտնել էր[/url], որ մարտի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:00-ից 14:30-ի սահմաններում Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Հովհաննես Ներսիսյանն ու Արտակ Ղազարյանը ծառայության ժամանակ կանգնեցրել էին չարամտորեն երթևեկության կանոնները խախտելու և առանց համարանիշներով մեքենա վարելու համար Audi A4 մակնիշի ավտոմեքենան: Այդ ժամանակ մեքենայից դուրս էր եկել վարորդը և իր մոտ եղած հրազենը ուղղել ՃՈ աշխատակիցների վրա: Նույն պահին նշված վայր էին ժամանել նաև ոստիկանության Արմավիրի բաժնի ՊՊԾ գնդի աշխատակիցները, և Audi-ի «ծալապակաս» վարորդը նրանց վրա էլ էր ուղղել հրազենը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, 10 րոպեից ավելի ոստիկանները փորձել էին բանակցությունների արդյունքում զինված երիտասարդին համոզել, որ հանձնի զենքը, սակայն նա սկսել էր սպառնալիքներ տեղալ ոստիկանների հասցեին: Այնուամենայնիվ, ճանապարհային ոստիկան Ա. Ղազարյանը կարողացել էր «բաշիբոզուկին» վնասազերծել և նրան տեղափոխել էին ոստիկանության Արմավիրի բաժին: Բաժին էր տեղափոխվել նաև Audi A4 մակնիշի 06 UO 708 համարանիշի ավտոմեքենան: Արմավիրցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասել էին. «Եթե գայի էտ տղեն պրոֆեսիոնալ ձևով չվնասազերծեր զինված երիտասարդին, ապա նա անկանոն կարող ա կրակոցներ արձակեր և դրա արդյունքում տուժեին և ոստիկանները, և քաղաքացիները»: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ «բաշիբոզուկը» Արմավիրի հիվանդանոցի բաժնի վարիչներից Գառնիկ Դավթյանի տղան է՝ Արմավիր քաղաքի Թումանյան փողոցի 29 տան բնակիչ, 21-ամյա Էդգար Դավթյանը, ով սովորում է Երևանի բժշկական համալսարանի 3-րդ կուրսում, իսկ նրա մոտ եղել է «Վալտեր» տեսակի ատրճանակ, որը լիցքավորված է եղել 3 փամփուշտներով:

Նմանատիպ նյութեր