211652_close_icon

Մարտին ջան, դու երկրապահ ես, դու մեզանից մեկն ես. գեներալ Մանվել Գրիգորյանը հուշագիր ստորագրեց կադաստրի պետական կոմիտեի նախագահի հետ. լուսանկարներ

views-count2478 դիտում article-date 16:31 09-06-2015
ԵԿՄ վարչական շենքում այսօր գործակցության եւ փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի եւ Երկրապահ կամավորականների միության միջեւ: Հիշեցնենք, որ նախկինում Երկրապահը նմանատիպ հուշագրեր էր ստորագրել ՀՀ պաշտպանության, կրթության եւ գիտության, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, առողջապահության նախարարությունների հետ: Երկրապահական ավանդույթներին հավատարիմ` մինչ միջոցառումն սկսելը ծաղկադրում կատարվեց ԵԿՄ վարչության շենքում կանգնեցված Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու մոտ, իսկ բուն միջոցառումն սկսվեց հոգեւորականի օրհնանքի խոսքով: ԵԿՄ վարչության նախագահի հրամանով կադաստրի հանրապետական վարչության պետ Մարտին Սարգսյանը պարգեւատրվեց «Երկրապահ 25-ամյակ» հոբելյանական մեդալով: Մարտին Սարգսյանը ելույթում նշեց, որ իր համար առաջնահերթություն է եղել զոհված, անհայտ կորած, հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին հնարավորության սահմաններում աջակցելը: Նա խորհրդանշական նվեր հանձնեց ԵԿՄ վարչության նախագահին՝ թուր: Գեներալ Մանվել Գրիգորյանը թուրը հանձնեց ԵԿՄ վարչության նորաբաց թանգարանին: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ստորեւ ներկայացնում է ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ, զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ելույթը. «Հարգելի՛ ներկաներ, Երկրապահ կամավորականության հասկացությունն անքակտելիորեն շաղկապված է երկրի, հայրենիքի, պետության հասկացության հետ: Երկրապահն ստեղծվեց մեր ազգի համար օրհասական պահին, ստեղծվեց ինքնաբուխ` արյան կանչով: Երկրապահը, ստեղծման պահից, դարձավ անկախության, պետականության ջատագովը: Երկրապահն իր վրա վերցրեց արյունարբու թուրքի պարտադրած պատերազմը, կռվեց, հաղթեց, զուգահեռաբար էլ պետական, կանոնավոր բանակ ստեղծեց: Երկրապահը ծանրակշիռ մասնակցություն ունեցավ Հայաստան պետության եւ Արցախի հայկական պետության կայացման գործում: Պատերազմից հետո էլ Երկրապահը մնաց պետականամետ կառույց, ձեւականությունների հետեւից չընկնելով` ես կասեմ` պետական կառույց: Երկրապահի առաքելությունն է ոչ միայն զոհված, անհայտ կորած, հաշմանդամ, ԵԿՄ անդամ ազատամարտիկների սոցիալական, իրավական, առողջապահական, այլ բնույթի խնդիրների լուծմանն աջակցելը, այլեւ ազգի, պետության ապագայի համար հայրենասեր, կրթված, դաստիարակված կադրերի պատրաստումը: Այդ նպատակով մենք ստեղծել ենք «Պատանի երկրապահ» եւ «Երիտասարդ երկրապահ» կառույցները: Այս կերպ մենք շարունակում ենք Սպարապետ Վազգեն Սարգսյանի գործը, կյանքի ենք կոչում նրա պատգամն այն մասին, որ հայ երեխան դեռ դպրոցից պետք է իմանա, թե մենք ով ենք, որտեղից ենք գալիս եւ ուր ենք գնում: Հայաստանի Հանրապետության նախագահ, երկրապահ Սերժ Սարգսյանի գործուն աջակցությամբ մեր պատանեկան, երիտասարդական կառույցները նաեւ պետական ճանաչման արժանացան: Ստորագրվեց եռակողմ հուշագիր Երկրապահի եւ պաշտպանության ու կրթության նախարարությունների միջեւ, որը Հանրապետության բոլոր դպրոցներում «Պատանի երկրապահ» ակումբների հիմնադրմանը խթանեց: Այսօր արդեն պատանի երկրապահների թիվը հասնում է տասնյակհազարների: Պատանիների համար կազմակերպվող հրամանատարասերժանտական դասընթացներում պատրաստակամորեն ընդգրկվում են գործընկեր կառույցների մասնագետներ` պաշտպանության, կրթության եւ գիտության, տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների, ոստիկանության, հայ առաքելական սուրբ եկեղեցու: Այսօր ստորագրվող հուշագիրը հիմք կհանդիսանա, որ հետայսու կադաստրի պետական կոմիտեի մասնագետները եւս ընդգրկվեն պատանիների ուսուցման ծրագրերում: Երկրապահն ու կադաստրի պետական կոմիտեն գործակցության լայն դաշտ ունեն` սկսած անշարժ գույքի նկատմամբ Արցախյան պատերազմի մասնակիցների ընտանիքների իրավունքների պաշտպանությունից, համապատասխան տեղեկատվության տրամադրումից մինչեւ գեոդեզիական, քարտեզագրման ծրագրերում ԵԿՄ բաժանմունքների մասնակցություն, ինչպես նաեւ` ԵԿՄ անդամների եւ նրանց ընտանիքի անդամների մասնակցության ապահովում կադաստրի կոմիտեի «Ուսումնամեթոդական կենտրոն»-ի կողմից կազմակերպվող դասընթացներին: Երկրապահն ու կադաստրը հաջող համագործակցում են: Հուշագրի ստորագրումը որոշ առումով փաստի արձանագրում է լինելու, որոշ առումով էլ նպաստելու է գործակցության խորացմանն ու ընդլայնմանը: Ես գոհունակությամբ նշեմ, որ կադաստրի պետի պաշտոնում Մարտին Սարգսյանի առաջին կարգադրությունը եղել է զոհված, անհայտ կորած, հաշմանդամ, ԵԿՄ անդամ ազատամարտիկների ընտանիքներին անհրաժեշտ փաստաթղթերը ու ինֆորմացիան հեշտացված կարգով տրամադրելու հրահանգը: Մարտի՛ն ջան, դու երկրապահ ես եւ ԵԿՄ վարչության անդամ, դու մեզանից մեկն ես: Երկրապահը բարձր է գնահատում այն վաստակը, որ ունես երկրի շենացման գործում, երկրապահի աջակցման ուղղությամբ: Եվ խոսքս ավարտեմ Մարտին Սարգսյանին երկրապահական պարգեւի արժանացնելու վերաբերյալ հրամանի ներկայացմամբ»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր