876 դիտում
16:22 05-06-2015
Արցախում քննարկել են բերքահավաքի կազմակերպման և գնային քաղաքականության հարցերը
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունիսի 5-ին, գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ, հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված բերքահավաքի կազմակերպման և գնային քաղաքականության հարցերին:
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ բերքահավաքի ծանր ու պատասխանատու ժամանակաշրջանում պետք է համակարգված աշխատանք կազմակերպել` բերքը հրդեհներից ու մկնանման կրծողներից պաշտպանելու և անկորուստ հավաքելու համար: Կառավարության ղեկավարը հանձնարարել է հատկապես Մարտունու և Հադրութի շրջաններում բերքահավաքը սկսել այն դաշտերից, որտեղ արդեն երևում են մկնանման կրծողներ:
«Բավարար եմ գնահատում շրջաններում տարվող հակահրդեհային աշխատանքները և պահանջում եմ նույն ոճով դրանք շարունակել նաև նախալեռնային և լեռնային գոտիներում, իսկ հնձի ավարտից անմիջապես հետո՝ դաշտերը մաքրել և նախապատրաստել հաջորդ ցանքսին»,- նշել է վարչապետը:
Գյուղնախարար Ա. Խաչատրյանի խոսքով` հանրապետությունում արդեն հնձվել է գարու շուրջ 400 հեկտար ցանքատարածություն՝ 31 ցենտներ նախնական միջին բերքատվությամբ: Գարու ակնկալվող մոտ 45 հազար տոննա բերքն ընդունելի գներով մթերելու հարցը խորհրդակցության հիմնական թեման էր, մանավանդ, որ Արցախի և Հայաստանի հանրապետություններում դրա պահանջարկը քիչ է՝ ցորենի համեմատությամբ:
Անդրադառնալով գարու մթերման հնարավոր գնին՝ կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Բանակցություններ են տարվում Հայաստանի Հանրապետության՝ գարի մթերող խոշոր ընկերությունների հետ` Արցախից արտահանվող գարին անցած տարվա գնով՝ 115 դրամով ընդունելու համար: Բացի դրանից, «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» պահեստներում գարին կընդունվի 105 դրամով, ինչը նշանակալի աջակցություն կլինի արտադրողներին: Հիմնադրամի նկատմամբ պարտավորություններ ունեցող հողօգտագործողները կարող են փոխանակման եղանակով պայմանավորվածություններ ձեռք բերել հիմնադրամի հետ»:
Խորհրդակցությանը քննարկվել են նաև գյուղտեխնիկայի բավարար քանակի ապահովման և խոտհարքի կազմակերպման հետ կապված հարցեր: Ցորենի գնի ձևավորման հարցում պետական միջամտության չափը կորոշվի ավելի ուշ` բերքահավաքի մեկնակից և շուկան ուսումնասիրելուց հետո:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նմանատիպ նյութեր
3928 դիտում
14:49 15-06-2017
Արցախում բերքահավաքի անկորուստ կազմակերպման համար ձևավորվել է 18 հրշեջ հենակետ
Այս բաժնից
1285 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը
1042 դիտում
20:49 20-01-2025
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը
1030 դիտում
20:11 20-01-2025
Հութիները կսահմանափակեն Կարմիր ծովում նավերի վրա գրոհները