211652_close_icon
views-count1244 դիտում article-date 19:31 03-06-2015

Կեղծ ոսկյա զարդերի գրավադրմամբ Շիրակի մարզում գործող բանկերից և վարկային կազմակերպություններից հափշտակվել է ավելի քան 230 մլն դրամ. Քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել են Շիրակի մարզի տարածքում գործող տարբեր բանկերում և ֆինանսավարկային կազմակերպություններում կեղծ ոսկյա զարդերի գրավադրմամբ ավելի քան 230 մլն դրամի հափշտակության հանգամանքները, եղանակը։ Մեղադրանք է առաջադրվել 3 անձի։ Նախաքննությամբ պարզվել է, որ Գյումրիի 60-ամյա բնակիչն իր ֆինանսական խնդիրները լուծելու, ապօրինի ճանապարհով գումարային մեծ օգուտներ ստանալու նպատակով 2012-2014 թվականների ընթացքում պատրաստել է կեղծ ոսկյա զարդեր և դրանք իրացրել Շիրակի մարզի տարածքում գործող տարբեր բանկերում և ֆինանսավարկային կազմակերպություններում։ Մասնավորապես՝ ունենալով ոսկերչի մասնագիտական գիտելիքներ՝ Գյումրեցի տղամարդը 2012 թվականի սկզբներից մինչև 2014 թվականի մարտն ընկած ժամանակահատվածը պատրաստել է կեղծ ոսկյա զարդեր։ Քննությամբ պարզվել է ոսկերչի կողմից կիրառված կեղծիքների մի քանի տարբերակ. մի դեպքում ոսկեջրել է արծաթյա ապարանջաններն ու շղթաները, իսկ մեկ այլ դեպքում՝ ոսկյա մանյակների, ապարանջանների, շղթաների սնամեջ դետալներում լցրել է «Վուդի համաձուլվածք» կոչվող դյուրահալ նյութ՝ այդ կերպ զգալիորեն ծանրացնելով ոսկյա զարդերի քաշը։ Նշված եղանակների օգտագործմամբ ոսկերիչը խեղաթյուրել է զարդերի որակական հատկանիշները, դրանց շուկայական արժեքը, ոսկու կշիռը, հարգը, զարդերում առկա ոսկու պարունակությունը, ինչից հետո հատուկ տեխնիկական սարքավորումների օգնությամբ, արհեստագործական կամ ինքնաշեն եղանակով կեղծել է նաև պատրաստված զարդերի տարբերանիշերը, հարգադրոշմները՝ դրանք նմանեցնելով համապատասխան լիցենզավորված կազմակերպությունների հարգադրոշմներին և տարբերանիշերին։ Կեղծված զարդերն իր ընտանիքի անդամների, ազգականների և ծանոթների միջոցով գրավադրել է Շիրակի մարզում գործող 6 տարբեր բանկերում և ֆինանսավարկային կազմակերպություններում։ Քննությամբ պարզվել է, որ կեղծված զարդերի մեծ մասը տաբեր վարկառուների միջոցով գրավադրվել է 2 բանկում։ Ընդ որում, դրանցից մեկում նրան աջակցել են տվյալ բանկի ոսկերիչ-փորձագետները, որոնց հետ 60-ամյա գյումրեցին ծանոթ է եղել նախկինում ևս։ Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ բանկի ոսկերիչ-փորձագետները նախապես տեղեկացված են եղել վարկառուների ներկայացրած զարդերի կեղծված լինելու մասին և փաստացի չկատարելով իրենց վրա դրված աշխատանքային պարտականությունները՝ չեն ստուգել, չեն պարզել ներկայացված զարդերի մետաղի տեսակը, հարգը՝ դրանք ձևակերպելով որպես գրավի առարկա։ Կեղծված զարդերի գրավադրմամբ՝ 60-ամյա գյումրեցին Շիրակի մարզում գործող վարկային կազմակերպություններից և բանկերից ստացել է դրանց շուկայական արժեքն էապես գերազանցող վարկեր։ Խարդախության եղանակով հափշտակված գումարը գնահատվել է 234.450.442 մլն դրամ։ Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Գյումրիի 60-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, բանկի երկու ոսկերիչ-փորձագետներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով։ Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր