Լուիս Էնրիկե. Մեսիի գոլը այլ գալակտիկայից էր
Իսպանիայի Գավաթի եզրափակիչում կատալոնական «Բարսելոնան» 3:1 հաշվով հաղթեց Բիլբաոյի «Ատլետիկին» և 26-րդ անգամ իր պատմությանմեջ նվաճեց Գավաթը:
Կատալոնացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Լիոնել Մեսին, որի առաջին գոլը ֆանտաստիկ գեղեցկության էր: Արգենտինացին շրջանցեց մրցակցի մի քանի պաշտպանների և հուժկու հարվածով գրավեց մրցակցի դարպասի մոտակա անկյունը:
Խաղից հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն չի թաքցրել իր հիացմունքը Մեսիի խաղից և առաջին գոլից:
«Մենք արդեն սովոր ենք նման Մեսիին: Մեր բախտը բերել է, քանի որ ամեն օր կարող ենք մարզումների ժամանակ վայելել նրա խաղը, երբ նա մինչև գոլ խփելը շրջանցում է երեք մրցակցի:
Իսկ այսօրվա գոլը պարզապես այլ գալակտիկայից էր: Չեմ համբերում, որ հեռուստացույցով նորից դիտեմ այդ գոլը: Մարզչական նստարանից բարդ է ամեն ինչ տեսնել», ասել է Էնրիկեն: