211652_close_icon
views-count700 դիտում article-date 11:27 28-05-2015

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության օրվա առթիվ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձում ասված է. «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության օրվա առթիվ: 97 տարի առաջ մայիսի 28-ին հայ ժողովրդի տարած հաղթանակն առանձնակի տեղ է զբաղեցնում մեր հաղթանակների շարքում: Այդ օրն իրականություն դարձավ մեր ժողովրդի դարավոր երազանքն, ու մենք վերանվաճեցինք սեփական հողի վրա անկախ պետականություն ունենալու մեր իրավունքը: Այդ օրը մենք ապացուցեցինք, որ ինչքան էլ ուժեղ լինի թշնամին, որքան էլ շատ լինեն դժվարություններն ու խոչընդոտները, միևնույն է, հայրենիքը պաշտպանելու անկոտրում վճռականությամբ մենք հաղթելու ենք և սեփական երկրում խաղաղ ու ստեղծարար աշխատանքով կերտելու ենք մեր ապագան: Տոնական այս օրը մենք նաև խոնարհվում ենք սեփական ուժերի նկատմամբ մեր հավատը վերականգնած այն հերոսների հիշատակի առջև, ովքեր Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում և մյուս ճակատներում, չխնայելով սեփական կյանքը, աշխարհին ևս մեկ անգամ ապացուցեցին, որ անհնար է հաղթել հայրենիքը պաշտպանող, իր օջախն ու արժանապատվությունը պահող հայ զինվորին: Հերոսական մեր այդ նախնիների օրինակով էին նաև ոգեշնչված մեր այն հերոսները, ովքեր Շուշիի ազատագրումով մայիսյան ևս մի պանծալի հաղթանակ պարգևեցին հայ ժողովրդին: Կրկին շնորհավորելով տոնի առթիվ՝ խաղաղություն և քաջառողջություն եմ մաղթում բոլորիս: Մաղթում եմ, որ արժանի՛ լինենք մեր հերոս նախնիների փառքին, շենացնենք ու զարգացնենք մեզ ժառանգված երկիրն ու մեր հերթին ավելի հզոր Հայաստան ժառանգենք մեր սերունդներին»:

Նմանատիպ նյութեր