211652_close_icon
views-count2011 դիտում article-date 18:34 27-05-2015

ՖԻՖԱ-ն խոշորագույն սկանդալի մեջ. ձերբակալվել են բազմաթիվ պաշտոնյաներ. տեսանյութ

Այսօր առավոտյան Ցխուրիխում ձերբակալվել են ՖԻՖԱ-ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց թվում են նաև ՖԻՖԱ-ի երկու փոխնախագահները՝ Ջեֆրի Ուեբը և Էուխենիո Ֆիգերիդոն: Նրանք բոլորը ձերբակալվել են ԱՄՆ-ում ընթացող հետաքննության շրջանակներում՝ կապված ՖԻՖԱ-ի ղեկավարության կողմից կոռուպցիայի և կաշառակերության, ինչպես նաև աշխարհի առաջնության վայրի ընտրությանն առնչվող փաստերի հետ: Այս պահին ձերբակալությունները շարունակվում են: Խոսվում է արդեն 14 պաշտոնյայի ձերբակալման մասին: Բոլոր ձերբակալվածներին ԱՄՆ-ի իշխանությունները մեղադրանք են ներկայացրել, ըստ որի, ՖԻՖԱ-ի բարձրաստիճան պաշտոնյաները վերջին քսանամյակում կոռուպցիայի լայնածավալ գործունեություն են իրականացրել՝ աշխարհի առաջնության կազմակերպիչ երկրի ընտրության, մարկետինգային հարցերի, հեռարձակման իրավունքների վաճառքի գործարքների ժամանակ: Խոսքը գնում է առաջին հերթին 2018 եւ 2022 թվականների աշխարհի առաջնությունների անցկացման ընտրության մասին: Բացի այդ, մեղադրանքների թվում նշվում են նաև խարդախությունը, դրամաշորթությունն ու փողերի լվացումը, որոնց ընդհանուր գումարը գերազանցում է 150 միլիոն դոլարի սահմանագիծը: Նշենք, որ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ ՖԻՖԱ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից չորսն արդեն ընդունել են իրենց մեղքը: Իր հերթին, Շվեյցարիայի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են համապատասխան օրդերների դեպքում ձերբակալվածներին հանձնել ԱՄՆ-ի իրավապահ մարմիններին: Վերլուծաբաններից շատերի կարծիքով, բացառված չէ, որ առաջիկայում մեղադրանք ներկայացվի նաև ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր