Գ. Սահակյանը կարեւորել է Մեքսիկայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մայիսի 21-ին ընդունել է Մեքսիկայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գաբրիելա Կուեւաս Բառոնին:
ԱԺ նախագահը նշել է, որ երկու երկրներն ունեն մեծ ներուժ՝ քաղաքական, տնտեսական, գիտական ու մշակութային ոլորտներում սերտ համագործակցություն ծավալելու համար: Այդ համատեքստում Գալուստ Սահակյանն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի եւ Մեքսիկայի միջեւ մշակութային կապերի զարգացման առթիվ: Նա կարեւորել է երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացումը՝ ընդգծելով հայկական կողմի պատրաստակամությունը միջխորհրդարանական կապերի հաստատման ուղղությամբ եւ փաստել, որ մեր խորհրդարանում ստեղծվել է Հայաստան-Մեքսիկա բարեկամական խումբը:
ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը կարեւորում է համագործակցությունը նաեւ միջազգային ասպարեզում:
Խոսելով ԼՂ հակամարտության մասին՝ Գալուստ Սահակյանը վերհաստատել է հակամարտությունը միայն խաղաղ ճանապարհով լուծելու Հայաստանի դիրքորոշումը:
Գաբրիելա Կուեւաս Բառոնն իր խոսքում նշել է, որ ճիշտ ժամանակն է ընդլայնելու եւ սերտացնելու երկու երկրների հարաբերությունները, քանի որ մեքսիկացի եւ հայ ժողովուրդներն ունեն պատմական շատ ընդհանրություններ: Նա հարաբերությունների զարգացման գործում կարեւորել է Մեքսիկայում Հայաստանի դեսպանության բացումը: