211652_close_icon
views-count729 դիտում article-date 19:56 19-05-2015

Մշակութային միջոցառումներ Լեհաստանում

Մայիսի 15-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Լեհաստանի Օստրովեց Շվենցոքշիսկ քաղաքի երաժշտական դպրոցի դահլիճում տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի անվան` դաշնակահարների Շվենցոքշիսկիի մարզային մրցույթի գալա համերգը և մրցանակակիրների պարգևատրման արարողությունը: Մրցույթն անցկացվել է տարածաշրջանի երաժշտական դպրոցների միջև, որոնք կատարել են բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Մրցույթը նախաձեռնել էր Օստրովեց Շվենցոքշիսկ քաղաքի երաժշտական դպրոցի ուսուցչուհի Կարինե Հովսեփյանը՝ երաժշտական դպրոցի տնօրեն Եվա Յուրկովսկա-Սիվեչի աջակցությամբ: Մրցույթի գալլա համերգին ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, Օստրովեց Շվենցոքշիսկի քաղաքապետ Յարոսլավ Գորչինսկին, Լեհաստանի Սենատի անդամ Յարոսլավ Ռուսիեսկին, Շվենցոքշիսկի Սեյմիկի փոխնախագահ Գրիգոր Շահինյանը, արքեպիսկոպոս Քշիշտոֆ Նիկետևիչը, մրցույթի մասնակիցների ծնողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր: Համերգին ներկա պատվավոր հյուրերն իրենց ողջույնի խոսքերը հղեցին միջոցառման մասնակիցներին՝ արտահայտելով իրենց զորակցությունը հայ ժողովրդին: Միջոցառման ժամանակ դեսպան Ղազարյանը ողջունեց Արամ Խաչատրյանի անվան դաշնակահարների մարզային մրցույթի մասնակիցներին, կազմակերպիչներին և աջակիցներին: Դեսպանի խոսքերով` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում կազմակերպված այդ մրցույթն իր խորհուրդն ունի, որով ապացուցվում է հայ ժողովրդի հարատևության և համաշխարհային մշակութային ժառանգության իր մասնակցության ուժն ու կարողությունը: Այնուհետև դեսպան Ղազարյանը հատուկ մրցանակ հանձնեց մրցույթի հաղթողին: Միջոցառումը շարունակվեց Շվենցոքշիսկի մարզի տարբեր երաժշտական դպրոցների սաների կողմից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով: Մայիսի 16-ին Լեհաստանի Կրակով քաղաքի Արվեստի պալատում բացվեց «Vivat Armenia» խորագիրը կրող` Լեհաստանում բնակություն հաստատած հայազգի արվեստագետներ Գագիկ Պարսամյանի, Գուրգեն Գադաչիկի, Տադեուշ Լուկաշևիչ-Տիգրանի, Անի Մուրադյանի աշխատանքների ցուցահանդեսը, ինչպես նաև Լուկաշևիչների ընտանեկան արխիվի լուսանկարների ցուցադրությունը: Ցուցահանդեսին ներկայացված էին նկարիչ Գագիկ Պարսամյանի «Ծաղիկների ջրվեժ» նկարների շարքը, Գուրգեն Գադաչիկի` հեղուկ մետաղից պատրաստված «նկար-քանդակները», Տադեուշ Լուկաշևիչ-Տիգրանի նկարները և Անի Մուրադյանի` կերամիկայից պատրաստված աշխատանքները: Ցուցահանդեսը իրականացվել է Լեհաստանում Հայաստանի դեսպանության, ինչպես նաև Կրակովի քաղաքապետարանի հովանու ներքո: Ցուցահանդեսը կազմակերպվել էր «Կրակովի գեղարվեստի բարեկամներ» միության, Կրակովի հայկական մշակութային ընկերության, Լեհահայերի մշակույթի և ժառանգության հիմնադրամի կողմից: Ցուցադրությունը տևելու է մինչև մայիսի 31-ը: Մայիսի 17-ից 18-ը «Թանգարանային գիշեր» ակցիայի շրջանակներում Լեհաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ դեսպանատանը կազմակերպվել էր հայ ճանաչված աշխարհագրագետ և քարտեզագիր Ռուբեն Գալիչյանի «Հայաստանի պատմական քարտեզներ» խորագրով ցուցահանդեսը և նույնանուն տեղեկագրքի շնորհանդեսը: «Թանգարանային գիշեր» ակցիայի շրջանակներում միաժամանակ կազմակերպվել էր նաև Հայկական հիմնադրամի պատրաստած ցուցահանդեսը: Ցուցահանդեսը ներկայացնում էր լեհահայերի պատմությունը` սկսած Անիի թագավորության անկումից Լվով ժամանած արտաքսված հայերից, մինչև Ռեչպոսպոլիտայի տարածքում այդ փոքրամասնության կողմից ծավալած գործունեությունը` հատկապես Լեհաստանի պատմության և մշակույթի մեջ նրանց ներդրումը: Ցուցահանդեսի գերակշռող մասն են կազմում լեհահայերի` նշանավոր արվեստագետների, գրողների, հոգևորականների, գիտնականների կենսագրությունները:

Նմանատիպ նյութեր