211652_close_icon
views-count1974 դիտում article-date 21:45 26-04-2016

Լեհաստանում նույնպես Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել

Ապրիլի 22-24-ը Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի շրջանակներում միջոցառումներ են տեղի ունեցել Լեհաստանի մի շարք քաղաքներում: Ապրիլի 22-ին Լեհաստանում ՀՀ դեսպանությունը Վարշավայի կենտրոնում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում կազմակերպել էր հոգևոր երաժշտության համերգ, որի ընթացքում հնչել են հոգևոր և հայկական ժողովրդական երգեր` լեհական «ԿԱՐԻՈՍ» տղամարդկանց երգչախմբի և հայազգի մենակատար Աշոտ Մարտիրոսյանի կատարմամբ: Համերգին ներկա էին Վարշավայի և Արևելյան Լեհաստանի կարդինալ Կազիմիրժ Նիչը, Լեհաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ, Լեհաստանի հասարակական-քաղաքական գործիչներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ, Հայ-Առաքելական Սուրբ եկեղեցու Լեհահայոց հոգևոր հովիվ Տաճատ աբեղա Ծատուրյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ: Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանն իր խոսքում նշել է, որ ցեղասպանության ժխտողականությունը դրա իրագործումից գրեթե ոչնչով չի տարբերվում, և ցեղասպանների սերունդներն այսօր էլ շարունակում են ֆինանսավորել և աջակցել ահաբեկիչներին` նոր մարտահրավերների առջև կանգնեցնելով ողջ քաղաքակիրթ մարդկությանը: Ապրիլի 23-ին Կրակովի երաժշտական ակադեմիայի դահլիճում ՀՀ դեսպանությունը և Կրակովի հայկական մշակութային ընկերակցությունը կազմակերպել էին Ցեղասպանության տարելիցին նվիրված դասական երաժշտության համերգ, որի ընթացքում հնչել է հայ դասական երաժշտության` Կալիշում բնակվող հայազգի ջութակահար Հեղինե Մկրտչյանի կողմից հիմնադրված «ՀԵԳԻՆԵ» լարային քառյակի, ինչպես նաև հայ և լեհ մենակատարների կատարմամբ: Ապրիլի 24-ին Լեհաստանի Հայ Կաթողիկե եկեղեցու հոգևորական Տադեուշ Իսակևիչ-Զալեսկու ձեռամբ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված Սուրբ Պատարագներ են մատուցվել Լեհաստանի Գլիվիցե քաղաքում գտնվող Հայ Կաթողիկե Սուրբ Երրորդություն, ինչպես նաև Կրակովի Սուրբ Միկոլայի եկեղեցիներում: Պատարագին ներկա էին դեսպան Ղազարյանը, ԼՀ կառավարության և Ազգային ու էթնիկ փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենդժեյովիչը, Կրակովի հայկական մշակութային ընկերակցության անդամներ, Կրակովի և շրջական բնակավայրերի հայ համայնքի ներկայացուցիչներ: Լեհաստանում ՀՀ դեսպանը իր ելույթում մասնավորապես ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում հայ ժողովրդի սկզբունքային և հետևողական պայքարն ունի նպատակ` կանխել նման ոճրագործությունները այլ ազգերի և ժողովուրդների հանդեպ: Իր ելույթում Էդգար Ղազարյանը շնորհակալություն է հայտնել նաև Լեհաստանի և լեհ ժողովրդին` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու համար: Ապրիլի 24-ին Վարշավայի Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման եկեղեցում Հայ-Առաքելական Սուրբ Եկեղեցու Լեհահայոց Հոգևոր Հովիվ Տ. Տաճատ Աբեղա Ծատուրյանի ձեռամբ մատուցվել է Սուրբ Պատարագ, որի ավարտից հետո Վարշավայի Ազատագրման հրապարակից մեկնարկել է բողոքի երթ: Ավելի ուշ հայկական պուրակում տեղադրված խաչքարի մոտ տեղի է ունեցել մոմավառություն և ծաղիկների զետեղման արարողություն: Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անկացվել նաև Լեհաստանի Վրոցլավ և Լյուբլին քաղաքներում:

Նմանատիպ նյութեր