211652_close_icon

Հանձնարարել է խստորեն վերահսկել վերելակների շահագործման ու պահպանման նպատակով տրամադրվող միջոցների նպատակային օգտագործումը

views-count737 դիտում article-date 20:03 18-05-2015
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը զեկուցվել է, որ բազմաբնակարան բնակելի շենքերի պահպանման ուղղությամբ քաղաքապետարանի կողմից տարվող աշխատանքների շրջանակում սահմանված ժամանակացույցով ընթանում են շքամուտքերի և տանիքների նորոգման աշխատանքներ: Անդրադառնալով վերելակային տնտեսության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ընդգծելով, որ չնայած վերելակները շենքի բնակիչների բաժնային սեփականությունն են, հանձնարարել է խստորեն վերահսկել դրանց շահագործման ու պահպանման նպատակով համայնքային բյուջեից տրամադրվող և համատիրությունների կողմից հավաքագրվող գումարների ծախսերն ու դրանց նպատակային օգտագործումը: «Մտահոգություն կա, որ ինչպես համատիրությունների կողմից բնակչությունից հավաքագրվող, այնպես էլ համայնքային բյուջեով հատկացված միջոցները նպատակային չեն ծախսվում, և վերելակները սպասարկող կազմակերպությունների կողմից աշխատանքները պատշաճ չեն կազմակերպվում: Այստեղ մեծ անելիքներ ունենք, և անհրաժեշտ են մասնագիտական խորը ուսումնասիրություններ: Ամեն տարի համայնքային բյուջեից ավելի քան 100 մլն դրամ գումար է հատկացվում վերելակների պահպանման նպատակով ու հարց է առաջանում՝ արդյո°ք դրանք ամբողջությամբ ծառայում են իրենց նպատակին և տրամադրվու°մ է արդյոք բնակիչներին համապարփակ ֆինանսական հաշվետվություն: Քաղաքապետարանի կողմից հատկացված միջոցները որոշակի առումով վերահսկելի են, քանի որ դրանք տրամադրվում են մրցույթի արդյունքում, սակայն բնակիչների միջոցներն, ըստ էության, վերահսկելի չեն: Հասկանալի է, որ վերելակային տնտեսությունը մաշված է, սակայն առնվազն անվտանգության ապահովման համար դրանք բավարար են: Մանրամասն ուսումնասիրեք և հայտնաբերված թերությունների վերացման ուղղությամբ ձեռնարկեք քայլեր՝ այդ մասին իրազեկելով հանրությանը», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նմանատիպ նյութեր