794 դիտում
19:33 12-05-2015
Նախագահն ընդունել է Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Նիդերլանդների Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Հերի Ֆան Բոմըլին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Հանրապետության Նախագահը ողջունել է խորհրդարանականներին և հույս հայտնել, որ ակտիվ փոխայցելությունների միջոցով երկկողմ խորհրդարանական համագործակցությունը որակական նոր մակարդակի կբարձրանա՝ նպաստելով նաև հայ-նիդերլանդական միջպետական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Նշելով, որ չնայած երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները ընդամենը 23 տարվա պատմություն ունեն, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ և նիդերլանդացի ժողովուրդների բարեկամությունը պատմական խորը արմատներ ունի:
Հանրապետության Նախագահը նշել է, որ Նիդերլանդներն իր զարգացած տնտեսությամբ, տեխնոլոգիական նորարարությունների ոլորտում ունեցած առաջատար դերով, լավ օրինակ է Հայաստանի համար, այդ թվում նաև՝ հիմնարար բարեփոխումների իրականացման տեսանկյունից, ընկալվում է որպես ուսանելի զարգացման մոդել, և Հայաստանը շահագրգռված է Նիդերլանդների հետ բարեկամությունը խորացնել և ամրապնդել:
Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է Հայաստանի և Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր երկրին Նիդերլանդների ցուցաբերած տեխնիկական և ֆինանսական աջակցությունը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում անցկացվող հիշատակի միջոցառումներին, դրանց խորհրդին ու կարևորությանը: Նախագահը բարձր է գնահատել Նիդերլանդների խորհրդարանի կողմից 2004թ. Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, միաժամանակ, մեծապես գնահատելի համարելով ս.թ. ապրիլի 9-ին Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունած որոշումը, որը, Նախագահի խոսքով, իր տեսակի մեջ բացառիկ է: Այդ կապակցությամբ, Սերժ Սարգսյանը հատուկ շնորհակալություն է հայտնել հանդիպմանը ներկա և այդ որոշման հեղինակ պատգամավորներին, ինչպես նաև բոլոր այն խորհրդարանականներին, ովքեր իրենց աջակցությունն են բերել որոշման ընդունման գործին։
Հանրապետության Նախագահը հանդիպման ժամանակ պատասխանել է Նիդերլանդների խորհրդարանականներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացին և այդ փոփոխությունների կարևորությանը, Եվրասիական տնտեսական միության մեջ Հայաստանի զարգացման հնարավորությունների, ինչպես նաև Եվրամիության հետ մեր երկրի փոխգործակցության ամրապնդման հեռանկարի վերաբերյալ Հայաստանի ակնկալիքներին:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին, ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին:
Նմանատիպ նյութեր
1895 դիտում
20:44 27-07-2016
Դեսպան Մելքոնյանի հանդիպումը ԵԱՀ Ներկայացուցիչների Պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ
Այս բաժնից
661 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
502 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1012 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ