211652_close_icon
views-count2104 դիտում article-date 09:49 07-05-2015

ԵԿՄ-ի օրը ամեն մի հայի տոնն է, Վազգեն Սպարապետի եւ մնացյալ մեր նահատակ ընկերների տոնն է, սահմանին կանգնած հայ զինվորի տոնն է, անգամ՝ նորածնի. Մանվել Գրիգորյան

Մեկ անգամ եւս շնորհավո՛ր տոնդ, երկրապահ, շնորհավո՛ր տոնդ, աշխարհասփյուռ հայ ժողովուրդ: Այս մասին ասվում է ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ , ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի շնորհավորական ուղերձում: Նրա ուղերձը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայցնում է ստորեւ. «Շնորհավորում եմ մեր ազգին Երկրապահ կամավորականի օրվա եւ մայիսյան բոլոր տոների կապակցությամբ: Մայիսի 8-9-ին մեր ժողովուրդը միանգամից 4 տոն է նշում: Այս 2 օրվա ընթացքում մենք տոնում ենք ֆաշիզմի նկատմամբ մարդկության տարած հաղթանակի օրը, տոնում ենք Շուշիի ազատագրման օրը, Արցախի ինքնապաշտպանության բանակի հիմնադրման օրը: Իսկ քառատոնը նշել սկսում ենք Երկրապահ կամավորականի օրով: Սա ամեն մի հայի տոնն է, սա Վազգեն Սպարապետի եւ մնացյալ մեր նահատակ ընկերների տոնն է, սա Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի հայության տոնն է, աա Գրետա մայրիկի, հերոսներ ծնած մեր հերոս մայրերի տոնն է, սա երիտասարդ, պատանի սերունդների, անգամ նորածինների տոնն է, աա սահմանին կանգնած հայ զինվորի տոնն է, Հայոց բանակի տոնն է` շարքայինի եւ սպայի, նախարարի եւ գերագույն գլխավոր հրամանատարի: Տոնդ շնորհավո'ր, հայ ժողովուրդ: Այս տոնական օրը ես կամենում եմ զեկուցել Սպարապետ Վազգեն Սարգսյանին եւ մեր նահատակ ընկերներին, թե իրենց պատգամները հարգելու, իրենց ժառանգությանը տեր կանգնելու ուղղությամբ ինչ քայլեր ենք կատարել վերջին տարիներին: Ամենասկզբում հենց օրվա խորհրդի մասով: Մեր ձեռքբերումներից է այն, որ 2000 թվականից սկսած Երկրապահի օրն ընդգրկվել է ազգային տոնացույցում, սա պետականորեն նշվող տոն է: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Մայր տաճարում, նաեւ` բոլոր առաջնորդանիստ եկեղեցիներում նշվում է Երկրապահ կամավորականի օրը` հնչում են զանգերն ու մատուցվում է սուրբ պատարագ: Ես հպարտ եմ զեկուցել, այսպիսով, որ Երկրապահ կամավորականի օրը ճանաչվել է պետականորեն եւ ստացել մայր եկեղեցու օրհնությունը: Շարունակելով երկրապահ կամավորականի ճանաչման թեման` նշեմ, որ 2013 թվականին պաշտոնապես ընդունվեց «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքը: Այս կերպ պետական ճանաչում ստացավ երկրապահ կամավորականությունը: Սա լուրջ բարոյական նշանակություն ունի մեր պետության համար: Ես հատուկ պետք է ընդգծեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի դերն այս օրենքի ընդունման հարցում: Պարտավոր եմ արձանագրել, որ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, ով մեր մարտական ընկերն է, ամենաիսկական երկրապահ է` քաջածանոթ երկրապահի դարդ ու ցավին, երկրապահների բոլոր խնդիրներին եւ միշտ էլ պատրաստակամ է օգտակար լինել Երկրապահին: Ի կատարումն նշված օրենքի այսօր արդեն լայն թափով ընթանում է Երկրապահ կամավորականի կարգավիճակի վկայականների հանձնումը։ Հարկ եմ համարում հիշեցնել բոլորին, որ Երկրապահը եղել է բանակի հիմքն ու հիմնաքարը: Երկրապահը չի դադարել բանակի հիմնական հենարանն ու կադրային բանկը լինել: Մենք մեր պարտքն ենք համարում բանակին հայեցի դաստիարակված, բանիմաց կադրերի մատակարարումը: Այդ նպատակով գործում են «Երիտասարդ երկրապահ» եւ «Պատանի երկրապահ» կառույցները: Մեր այս կառույցներով անցած տղաները բանակի լավագույն զինվորներն են դառնում, միշտ բանակից շնորհակալագրեր են ստացվում այս տղաների համար: Այսօր մեր բոլոր բաժանմունքներում, նաեւ` Արցախում կան պատանի երկրապահական կառույցները: Այս կառույցի սաների ընդհանուր թիվն անցնում է 20 000-ից: Այս առումով եւս պետության հետ գործակցելու լայն դաշտ կա: Այս մասով եւս զեկուցեմ, որ դարձյալ Հանրապետության նախագահի միջամտությամբ պաշտպանության եւ կրթության նախարարությունների հետ հուշագիր ստորագրեցինք, եւ այսօր արդեն երկրապահի պատանեկան կառույցները գործում են Հանրապետության բոլոր դպրոցներում։ Հպարտությամբ զեկուցեմ, որ գործընկեր հաստատությունների հետ՝ կրթության, պաշտպանության, տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների, սոցիալական հարցերի, առողջապահության նախարարություններ, ոստիկանություն, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններ, հայ առաքելական եկեղեցու սպասավորներ, կազմակերպում եւ անցկացնում ենք հրամանատարասերժանտական դասընթացներ, ինչի շնորհիվ մեր պատանի երկրապահները բազմակողմանի զարգացած ՀՀ լիարժեք քաղաքացի են դառնում: Այսուհետ մեր պատանիները պետության հոգածության ներքո են` առավել պրոֆեսիոնալ հիմքերի վրա ենք դրել պատանիների ուսուցումն ու դաստիարակությունը: Մենք պետք է այնպիսի սերունդ կրթենք, որ Բաքվում տաքուկ, փափուկ աշխատասենյակներում նստած չինովնիկները մեր երիտասարդներին, պատանիներին տեսնելով` սարսափեն: Պատանիները մեր վաղվա օրն են, մեր ապագան: Պատանի եւ երիտասարդ սերունդը վաղվա բարեկեցիկ Հայաստանն ու ամուր պաշտպանված Արցախն են: Մեր նահատակ ընկերներին, մեր մարտական ընկերներին, հերոսներ ծնած հերոս մայրերին, պատանի եւ երիտասարդ երկրապահներին, հայ ժողովրդին զեկուցեմ, որ երկրապահական ամենամյա ուխտագնացությունը մեկնարկել է մարտի 5-ին` Սպարապետի ծննդյան օրը: Այն շարունակվելու է ողջ տարվա ընթացքում: Ապրիլի 24-ին մասնակցել ենք ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություններին, սակայն, հատուկ ընդգծեմ, որ ապրիլի 24-ը Երկրապահի համար ոչ թե լացուկոծի օր է, այլ` վրիժառության, պայքարի, հայոց արդար պահանջատիրությունը վառ պահելու: Ես եռասերունդ երկրապահական ընտանիքի անունից հայտարարում եմ, որ հիացած ենք եւ հպարտության զգացումով լեցուն միջոցառումների այն համապարփակ ծրագրից, որ իրագործվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ամենայն հայոց վեհափառ հայրապետի գլխավորությամբ։ Ապրիլքսանչորսյան միջոցառումներն ու այդ օերին աշխարհում ընթացող զարգացումները հերթական անգամ փաստեցին, որ միասնական հայությունն անպարտելի է։ 100-ամյակի միջոցառումներն իսկական ապտակ էին ցեղասպան Թուրքիային։ Հատուկ ընդգծեմ, որ մեր հայրենի հողերի, Արցախի ինքնիշխանության նկատմամբ հավակնություններ ունեցող հետամնաց Ադրբեջանին էլ ուժգին ապտակ հասցվեց այս օրերին։ Խոսքս Արցախում բարձր մակարդակով անցկացված օրինակելի խորհրդարանական ընտրությունների մասին է։ Արցախի ժողովուրդն ու իշխանությունը, միահամուռ, ցույց տվեցին աշխարհին, որ կայացած ամուր պետություն են, որ առավել ժողովրդավարական ու առաջադեմ են, քան բռնատիրական Ադրբեջանը։ Սա, թերեւս, մի վերջնական փաստարկ է աշխարհի համար, որ Արցախը չի կարող ընդգրկված լինել Ադրբեջանի կազմում։ Հարգարժա՛ն երկրապահ հայ ժողովուրդ, մեր սերունդն ունեցել է լրջագույն ձեռքբերումներ, հաղթանակներ: Վազգեն Սպարապետի առաջնորդությամբ, Եռաբլուրում ամփոփված քաջերի, նաեւ` կենդանի հերոսների ջանքերով կայացրել ենք Հայաստանի անկախությունը, հայրենի տարածքներ ենք ազատագրել, Արցախի անկախ Հանրապետություն ենք կայացրել: Այդ բոլոր հաղթանակները երկրապահ հայ ժողովրդինն են: Ուրեմն, մեկ անգամ եւս շնորհավո՛ր տոնդ երկրապահ, շնորհավո՛ր տոնդ աշխարհասփյուռ հայ ժողովուրդ»:

Նմանատիպ նյութեր