72137 դիտում
09:27 07-05-2015
Արտակարգ դեպք Վայոց Ձորի մարզում. 26-ամյա վարորդը Ford Transit-ով մխրճվել է ոչխարների հոտի մեջ. 70 ոչխար ու գառ սատկել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 05:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 100-րդ կմ հատվածում՝ Ելփին գյուղի վարչական տարածքում, Գորիս քաղաքի բնակիչ, 26-ամյա Նարեկ Մուսայելյանը իր վարած Ford Transit մակնիշի 32 ԼՍ 794 համարանիշի ավտոմեքենայով հարվածել է մի քանի տասնյակ ոչխարների ու գառների:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի արդյունքում մոտ 70 գառ ու ոչխար սատկել է:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ, մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հարություն Մարգարյանը և ավագ հրահանգիչ Արմեն Գասպարյանը:
Օպերատիվորեն ժամանել է նաև Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը: Տեղում աշխատանքները ղեկավարում է նույն բաժնի հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Ոչխարների և գառների տերը հույս ունի, որ ապահովագրական ընկերությունը գոնե մասամբ կփոխհատուցի վնասը:
Այս պահին Եղեգնաձորի ոստիկաններն ու ճանապարհային ոստիկանները փորձում են կապ հաստատել Վայոց Ձորի մարզպետարանի աշխատակիցների հետ, որպեսզի նրանք շտապ մոտենան դեպքի վայր, քանի որ սատկած գառների և ոչխարների միսն այլևս պիտանի չէ և դրանք պետք է կամ հատուկ վայրում վառեն կամ 6 մետր խորությամբ հողում թաղվեն: Ոստիկանության հետաքննիչը պարզում է տուժած քաղաքացու ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+