1587 դիտում
21:53 02-05-2015
Լեհաստանի քաղաքներում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ
Ապրիլի 25-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Լեհաստանի Կրակով քաղաքի Յագելոնյան համալսարանում «Եկեք խոսենք Հայաստանի մասին» ծրագրի շրջանակներում Հայոց ցեղասպանության թեմայով դասախոսությամբ հանդես է եկել Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը:
Միջոցառումը կազմակերպել էին Կրակովի հայ մշակութային միությունը, Յագելոնյան համալսարանը, Կարողությունների լեհական ակադեմիան և Լեհահայոց մշակույթի և ժառանգության հիմնադրամը: Դասախոսությանը ներկա էին Կրակովում Գերմանիայի, Ուկրաինայի և ԱՄՆ հյուպատոսները, ՌԴ պատվո հյուպատոսը, հասարակական-քաղաքական և մշակութային գործիչներ, Կրակովի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, համալսարանի դասախոսներ և ուսանողներ, հաղորդում է ԱԳՆ-ն:
Դասախոսությունից առաջ ելույթներով հանդես է եկել Յագելոնյան համալսարանի թանգարանի տնօրեն, պրոֆեսոր Քշիշտոֆ Ստոպկան և Լեհաստանի կառավարության և Ազգային ու էթնիկական փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենդժեյովիչը, որոնք անդրադարձան Հայոց ցեղասպանությանը, ինչպես նաև 2015թ. ապրիլի 22-ից 23-ը Երևանում անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ հասարակական-քաղաքական ֆորումին իրենց մասնակցությանը և արդյունքներին:
Դասախոսությունից հետո Յագելոնյան համալսարանից մեկնարկել է երթ դեպի Կրակովի հայկական խաչքար: Երթին մասնակցել են դեսպան Ղազարյանը, դիվանագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, մտավորականներ: Երթի մասնակիցները կրում էին Լեհաստանի և Հայաստանի դրոշներ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշը հանդիսացող անմոռուկներ, Ցեղասպանությունը դատապարտող պաստառներ: Երթն ավարտվել է Կրակովի հայկական խաչքարի մոտ, որտեղ Հայ Կաթողիկե եկեղեցու ժողովրդապետ, քահանա Ռաֆայել Կրավչիկի կողմից կատարվել է հատուկ կարգ, ինչից հետո ելույթներով հանդես են եկել դեսպան Ղազարյանը և Լեհաստանի Հայ կաթողիկե եկեղեցու հոգևորական Տադեուշ Իսակևիչ-Զալեսկին: Խաչքարի մոտ ՀՀ օրհներգն են հնչել և գեղարվեստական կատարումներով հանդես են եկել Կրակովի կիրակնօրյա հայկական դպրոցի սաներն ու լեհ երեխաներ:
Արարողությունից հետո Կրակովի Սուրբ Միկոլայի եկեղեցում Հայ Կաթողիկե եկեղեցու ժողովրդապետ, քահանա Ռաֆայել Կրավչիկի կողմից և Լեհաստանի Հայ Կաթողիկե եկեղեցու հոգևորական Տադեուշ Իսակևիչ-Զալեսկու աղոթքով մատուցվել է Սուրբ պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Նույն օրը Լեհաստանի Գլիվիցե քաղաքում տեղի է ունեցել մի շարք միջոցառումներ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Լեհաստանում միակ՝ Հայ Կաթողիկե Ամենասուրբ երրորդության եկեղեցում Հայ Կաթողիկե եկեղեցու հոգևորական Տադեուշ Իսակևիչ-Զալեսկու հանդիսապետությամբ տեղի է ունեցել Սուրբ պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որի ընթացքում հոգևորականի կողմից ծավալուն ելույթ է հնչել՝ նվիրված Ցեղասպանությանը և դրա դատապարտման անհրաժեշտությանը: Պատարագից հետո եկեղեցու բակում տեղադրված հայկական խաչքարի մոտ տեղի է ունեցել ծաղիկների զետեղման արարողություն և հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում ելույթներով հանդես են եկել դեսպան Ղազարյանը, Սլասկի մարզպետի տեղակալ Պիոտեր Սպիրան, ինչից հետո կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդանշող հուշատախտակի օրհնության արարողությունը, որն առաջիկայում տեղադրվելու է քաղաքի կենտրոնական մասում:
Եկեղեցում տեղի է ունեցել նաև հայկական արմատներով լեհ բանաստեղծ Բոգդան Ստանիսլավ Կասպրովիչի (Աստվածատուր Իլովացի Գասպարյան) բանաստեղծությունների վրա հիմնված երգերի համերգ: Տեղի է ունեցել նաև հեղինակի «Խաչքար» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Շնորհանդեսին ներկա է եղել նաև դեսպան Ղազարյանը:
Ապրիլի 29-ին Լեհաստանի Կալիշ քաղաքի երաժշտական դպրոցում տեղի է ունեցել համերգ, որը նախաձեռնել էր դպրոցի ուսուցչուհի, ջութակահար Հեղինե Մկրտչյանը: Համերգը կազմակերպվել էր Լեհաստանում ՀՀ դեսպանության և Կալիշի քաղաքապետարանի հովանու ներքո: Երաժշտական դպրոցի բոլոր պատերին փակցված էին Հայաստանի տեսարժան վայրերի պատկերներ: Նախքան համերգի մեկնարկը, ցուցադրվել է Հայոց ցեղասպանության և Հայաստանի մասին ֆիլմ՝ լեհերեն թարգմանությամբ:
Համերգին ներկա էին դեսպան Ղազարյանը, Կալիշի քաղաքապետ Յանուշ Պենխեժը, քաղաքապետարանի պաշտոնյաներ, հոգևորականներ, տարածաշրջանի հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ, դպրոցի ուսուցիչներ և սաներ:
Համերգի ընթացքում տեղի եկեղեցական երգչախմբի և երաժշտական դպրոցի լեհ սաների, ինչպես նաև հայազգի տաղանդավոր ջութակահար Քրիստինե Հարությունյանի կատարումներով ներկայացվել է հայկական երաժշտական ծրագիր հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով: Հնչել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդուարդ Բաղդասարյանի ստեղծագործությունները: Ելույթ են ունեցել նաև մանկական և պատանեկան ֆիլհարմոնիկ նվագախմբերը՝ Հեղինե Մկրտչյանի ղեկավարությամբ: Համերգն ընդմիջվում էր Հեղինե Մկրտչյանի կողմից հայ բանաստեղծների ստեղծագործությունների ասմունքով:
Նմանատիպ նյութեր
728 դիտում
23:23 05-10-2015
Լեհաստանի Լենչիցա քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել
956 դիտում
21:48 25-11-2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Իտալիայի Տրենտո և Ռովերետո քաղաքներում
Այս բաժնից
853 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
961 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
688 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին