211652_close_icon
views-count959 դիտում article-date 21:48 25-11-2015

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Իտալիայի Տրենտո և Ռովերետո քաղաքներում

Նոյեմբերի 19-ից 21-ը Իտալիայի Տրենտո և Ռովերետո քաղաքներում կայացան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ, որոնք կազմակերպվել էին Տրենտո և Ռովերետո քաղաքների “Cartiro” բանկի հիմնադրամի կողմից՝ Իտալիայում Հայաստանի դեսպանության և Իտալիայի հայերի միության հետ համագործակցությամբ: Նոյեմբերի 19-ին Ռովերետոյի ֆիլհարմոնիկ դահլիճում կայացավ գրական-երաժշտական երեկո, որի ընթացքում դաշնակահար Անի Մարտիրոսյանի կատարմամբ հնչեցին հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ և իտալերենով ընթերցվեցին հատվածներ Դանիել Վարուժանի ու Անտոնիա Արսլանի ստեղծագործություններից: Նախքան համերգը ներկաներին ողջույնի խոսքով դիմեցին Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը և Ռովերետոյի փոխքաղաքապետ Քրիստինա Ացոլինին: Նոյեմբերի 20-ին Տրենտոյում կայացավ «Հայոց ցեղասպանության 100-ամյակը. 1915-2015» խորագրով գիտաժողովը, որին ներկա էին հազարից ավելի մասնակիցներ: Ներկաներին բացման խոսքով դիմեցին “Cartiro” բանկի հիմնադրամի նախագահ Միքելե Իորին և Տրենտոյի ինքնավար շրջանի նախագահ Ուգո Ռոսսին: Գիտաժողովի բանախոսներին էին դեսպան Սարգիս Ղազարյանը, Միլանում ՀՀ պատվո հյուպատոս Պիետրո Քուչուկյանը, Սիենայի համալսարանի պրոֆեսոր, հայտնի ցեղասպանագետ Մարչելլո Ֆլորեսը, Իտալիայի հայերի միության նախկին նախագահ, Միլանի ու Տրենտոյի համալսարանների սոցիոլոգիայի դասախոս, պրոֆեսոր Հակոբ Մանուկյանը, “Osservatorio Balcani e Caucaso” ուսումասիրությունների կենտրոնի Հայաստանի հարցերով պատասխանատու Սիմոնե Ձոպելլարոն և այլոք: Իրենց ելույթներում բանախոսները անդրադարձան Հայոց ցեղասպանության քաղաքական, իրավական և կրոնական ասպեկտների, թուրքական ժխտողականության, նոր ցեղասպանությունների կանխարգելման անհրաժեշտության և թեմային առնչվող այլ հարցերի: Նոյեմբերի 21-ին “Cartiro” բանկի հիմնադրամի Տրենտոյի կենտրոնակայանում տեղի ունեցավ «Արմին Տեոֆիլ Վեգները և Անատոլիայի հայերը, 2015» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը, որի ընթացքում ելույթ ունեցան դեսպան Սարգիս Ղազարյանը, Տրենտոյի քաղաքապետ Ալեսանդրո Անդրեատան, Տրենտոյի արքեպիսկոպոս Լուիջի Բրեսանը և եԽԽՎ-ում Իտալիայի պատվիրակության ղեկավար Միքելե Նիկոլետտին:

Նմանատիպ նյութեր