900 դիտում
22:53 10-04-2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ռումինիայի Թրգու Մուրեշ և Կլուժ-Նապոկա քաղաքներում
Ապրիլի 7-ից 9-ը Ռումինիայի Թըրգու Մուրեշ և Կլուժ-Նապոկա քաղաքներում անցկացվեց գիտամշակութային միջոցառումների շարք` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և Տրանսիլվանիայի հայության պատմությանը:
Ապրիլի 7-ին Թըրգու Մուրեշի Պետրու Մայոր համալսարանի, Ռումինական Ակադեմիայի «Գեորգե Շինկայ» հետազոտական ինստիտուտի և տեղի Հունգարահայ մշակութային միության կազմակերպմամբ տեղի ունեցավ գիտական նիստ «Հայկական մշակույթն ու քաղաքակրթությունը. Պատմական փոխառնչություններ» թեմայով: Միջոցառումների շարքը շարունակվեց ապրիլի 8-ին և 9-ին Կլուժ-Նապոկայի Արվեստի թանգարանում, ուր Բաբեշ-Բոյայ համալսարանի Հայագիտության ինստիտուտը Ռումինիայում ՀՀ դեսպանության և Ռումինիայի Հայոց միության աջակցությամբ «Հայկական մշակութային ուղենիշներ» խորագրի ներքո ներկայացրեց բազմազան և հագեցած ծրագիր:
Միջոցառումների առանցքը Հայոց ցեղասպանության թեման էր: Գիտական նիստերին Հոլոքոստի ու Հայոց ցեղասպանության վերաբերյալ հիմնական զեկուցումներով հանդես եկան «Մոդուս Վիվենդի» հաստատության տնօրեն Արա Պապյանը և Բաբեշ-Բոյայ համալսարանի, ինչպես նաև Իսրայելի և այլ երկրների համալսարանների հրավիրյալ դասախոս, դոկտոր, պրոֆեսոր Մայքլ Շաֆիրը: Հարակից զեկուցումներով հանդես եկան նաև Թըրգու Մուրեշի և Կլուժի այլ համալսարանականներ և հետազոտողներ: Արդի միջազգային և հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում Հայոց ցեղասպանության և հատկապես նրա քաղաքական, տնտեսական, սոցիալական և ժողովրդագրական հետևանքների վերաբերյալ ելույթներ ունեցան Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը և Կլուժի Բաբեշ-Բոյայ համալսարանի Հայագիտության ինստիտուտի տնօրեն Լուչիան Նաստասե-Կովաչը: Հայ ժողովրդին և Հայաստանին իր լիակատար համերաշխությունը հայտնեց Կլուժ Նապոկայի նահանգային խորհրդի փոխնախագահ Իշտվան Վակարը:
Միջոցառումների շարքում ապրիլի 8-ի երեկոյան Կլուժ-Նապոկայի Արվեստի թանգարանում բացվեց տրանսիլվանահայ հայտնի նկարիչ Միկլոշ Յակոբովիչի հետմահու ցուցահանդեսը, «Flauto Dolce» անսամբլը կատարեց հայ երաժշտական գանձարանից ընտրանի, ներկայացվեցին Թաներ Աքչամի «Ամոթալի արարք. Հայոց ցեղասպանությունը և թուրքական պատասխանատվության հարցը», «Բռնաբարված Հայաստան. Ավրորա Մարդիգանյանի պատմությունը» գրքերի ռումիներեն հրատարակությունները, Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպի հունգարերեն հրատարակությունը և վեպի թեմաներով «Երբ մահը ուշ է գալիս» ու «Շշուկների ուղիով» ֆիլմերը:
Միջոցառումները լայնորեն լուսաբանվեցին ռումինական լրատվամիջոցներով: Ապրիլի 3-ին ռումինական «TVR3» հեռուստատեսությունը Հայոց ցեղասպանությանը նվիրված հատուկ հաղորդաշարը սկսել էր դեսպան Համլետ Գասպարյանի հետ հարցազրույցով:
Նմանատիպ նյութեր
1587 դիտում
21:53 02-05-2015
Լեհաստանի քաղաքներում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ
956 դիտում
21:48 25-11-2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Իտալիայի Տրենտո և Ռովերետո քաղաքներում
1654 դիտում
19:55 25-04-2016
Բելգիայի մի շարք քաղաքներում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ
Այս բաժնից
787 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել