211652_close_icon
views-count7598 դիտում article-date 15:17 01-05-2015

Ազատն անսահման կարոտում էր Արցախը, Եղնիկները. հերոսի մոր հուշերը՝ Ազատ Ասոյանի մասին. լուսանկարներ

Գեղարքունիքի մարզի մի խումբ պատանիներ և երիտասարդներ «Ես էլ եմ զինվոր» ծրագրի շրջանակներում մայիսի 1-ին այցելել են 2014թ. հուլիսի 31-ին ԼՂՀ հյուսիսային հատվածում հակառակորդի դիվերսիոն գործողությունը հետ մղելիս զոհված զինծառայող Ազատ Ասոյանի ծնողներին։ Նրանք ծանոթացել են Ազատի անձնական իրերին, ծնողներից տեղեկացել մերօրյա հերոսի մանկության, պատանեկության մանրամասներին։ Ազատ Ասոյանի մայրը՝ Մանուշակ Բալյանը, հյուրերին պատմում էր իր որդու, նրա ձեռքբերումների, նախասիրությունների մասին։ Ազատ Ասոյանը շատ էր սիրում սպորտը, պինդ, հզոր երիտասարդ էր։ Տիկին Մանուշակը նշում է, որ որդին մեծ սիրով է բանակ գնացել։ Կարող էր օտար երկրի քաղաքացի դառնալ և խուսափել զինծառայությունից, քանի որ ծնվել էր Հայաստանից դուրս, բայց չարեց։ Իր պարտքն էր համարում հայոց սահմանները պահելը։ «Ազատն ասում էր՝ այնպես պետք է ծառայեմ, որ զորամասում ինձնից հետո շատ խոսեն,- հիշում է հերոսի մայրն ու խորհուրդ տալիս այսօրվա երիտասարդներին՝ չվախենալ սահմանը պաշտպանելուց։- Ազատը երազանքներ շատ ուներ։ Ինչ նպատակ դնում էր իր առջև, իրականացնում էր. ուզում էր իրավաբան դառնալ, ընդունվեց ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ, սպորտում պետք է առաջինը լիներ, դարձավ Հայաստանի եռակի չեմպիոն, ուզում էր իր ընտրյալ աղջիկն ունենալ կողքին, ունեցավ, ուզում էր ծառայել՝ ծառայեց»։ Տիկին Մանուշակն ասում է, որ Ազատը հաճույքով է ծառայել, Երևան գալով՝ կարոտում էր Ղարաբաղը. «Քաղաքում մեծացած, քաղաքի վայելքները տեսած երիտասարդը կարոտում էր Արցախը, անտառները, Եղնիկները։ Ես զարմանում եմ՝ որտեղից այդ անսահման կարոտը»։ Ազատի հայրը՝ Արթուր Ասոյանն էլ խորհուրդ է տալիս սահմանը պահող բոլոր զինվորներին՝ զգոն, ուշադիր լինել։ Հայրը հիշում է, որ որդին մանկուց է հայրենասեր եղել. «5-րդ դասարանից Եռաբլրի անուն էր տալիս, իր հասակակիցներին միշտ տանում էր զինվորական պանթեոն, բջջային հեռախոսում էլ միայն հայրենասիրական երգեր էին, իսկ բջջայինի զանգը՝ Հայաստանի հիմնը։ Ընկերասեր էր, ընկերոջ համար հոգի կտար։ Մեծ ցավ ենք ապրում։ Ցանկությունս է՝ խաղաղություն լինի, ոչ թե երեխաներին բերեն, այլ իրենք գան իրենց ոտքով»։ Գեղարքունիքի երիտասարդներն ու պատանիները Ասոյանների ընտանիքից հեռացան՝ իրենց հետ որպես հուշ տանելով Ազատի լուսանկարներն ու նրա ծնողների պատմությունները։ «Ես էլ եմ զինվոր» ծրագրի ղեկավար Գրիգոր Դաշտոյանը տեղեկացրեց, որ երեխաները մի քանի անգամ եղել են «Եռաբլուր» պանթեոնում, խոնարհվել Ազատի շիրմի առջև, և հաշվի առնելով նրանց ցանկությունը՝ կազմակերպվել է այս այցելությունը։ Գրիգոր Դաշտոյանը նշեց, որ ծրագրի շրջանակներում Գավառի և հարակից գյուղերի պատանիների և երիտասարդների շրջանում «Գեղարեգ» ՀԿ-ն անցկացնում է պարապմունքներ՝ ծանոթացնելով նրանց մեր հաղթանակներին, ռազմի պատմությանը, շարային պատրաստությանը, ազգային երգ ու պարին, հայոց պատմությանը, ազգային խաղերին։ «Ես էլ եմ զինվոր» ծրագրի շրջանակներում անցկացվում է նաև հանդիպումների շարք զինվորականների հետ, կազմակերպվում են այցելություններ սահմանամերձ զորամասեր։ Ծրագրի շրջանակներում երիտասարդներն ու պատանիներն այսօր այցելել են նաև Եղեռնի զոհերի հուշահամալիր և «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Նշենք, որ «Ես էլ եմ զինվոր» ծրագիրն իրականացնում է «Գեղարեգ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր