211652_close_icon
views-count2270 դիտում article-date 19:22 27-04-2015

Համագործակցության հուշագիր Շենգավիթ վարչական շրջանի և ԼՂՀ Մարտակերտ քաղաքի միջև

Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագրի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ շարունակվում են մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՀՂ շրջանների միջև համագործակցության ծրագրերը: Այդ համատեքստում Արցախի Մարտակերտի շրջան է այցելել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են եղել նաև ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, Երևանի փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը, ԵԿՄ ներկայացուցիչներ, ինչպես նաև զոհված ազատամարտիկների ընտանիքի անդամներ: Շենգավիթի պատվիրակությունը հանդիպել է Մարտակերտի վարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանի և Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանի հետ: Կարևորելով երկկողմ համագործակցության զարգացումն ու ամրապնդումը՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանն ընդգծել է այս հարցում վարչական շրջանի պատրաստակամությունն ու վստահեցրել է, որ այն կլինի երկուստեք արդյունավետ: Հանդիպման շրջանակում Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը և Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է փոխշահավետ գործակցություն ծավալել տարբեր ուղղություններով, այդ թվում փոխայցերի կազմակերպում, սոցիալական, կրթական ու մշակութային համատեղ միջոցառումների անցկացում: Ի դեպ, կրթամշակութային ոլորտում հետագա համագործակցությունը գործնական հիմքերի վրա դնելու նպատակով, Երևանի Բելինսկու անվան թիվ 38 և Մարտակերտի Վ. Բալայանի անվան թիվ 1 դպրոցները ևս փոխգործակցության հուշագիր են ստորագրել: Պատվիրակության անդամները եղել են նաև Մարտակերտի մանկապարտեզում, ծանոթացել պայմաններին և առօրյայի կազմակերպմանը: Պատվիրակության անդամները այցելել են նաև Երևանի քաղաքապետի աջակցությամբ և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի ջանքերով բարեկարգված պուրակ, որտեղ կանգնեցված խաչքարի մոտ հարգանքի տուրք են մատուցել Արցախյան ազատամարտում նահատակված շենգավիթցի ազատամարտիկների հիշատակին: Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Հորաթաղի զորամաս: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով զինծառայողներին՝ Արմեն Սարգսյանը բարի ծառայություն է մաղթել նրանց: Միջոցառման մշակութային մասից հետո, որին, ի դեպ, մասնակցել են վարչական շրջանի մշակույթի տան սաները, զինվորներին է փոխանցվել վարչական շրջանի դպրոցների աշակերտների և մանկապարտեզների սաների պատրաստած նամակներն ու խորհրդանշական նվերները: Զորամասին նվիրվել է նաև հեռուստացույց:

Նմանատիպ նյութեր