Եգիպտոսում մահապատժի են դատապարտվել «Մահմեդական եղբայրներ» շարժման 22 անդամներ
Եգիպտոսի դատարանը մահապատժի է դատապարտել «Մահմեդական եղբայրներ» իսլամիստական խմբավորման 22 անդամների: Նրանք մեղավոր են ճանաչվել Կահիրեում ոստիկանական ստորաբաժանման շենքի վրա հարձակվելու համար:
Մեղադրյալներից մեկն է միայն, որ դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, քանի որ անչափահաս է:
Դեպքը տեղի էր ունեցել 2013 թվականի ամռանը: Հարձակման հետեւանքով մահացել էր 1 ոստիկան: Դեպքը նախագահ Մոհամեդ Մուրսիին պաշտոնանկ անելու դեմ բողոքի ակցիաներից մեկն էր:
Վերջին 2 տարում Եգիպտոսում ձերբակալվել են շարժման հազարավոր անդամներ, որոնք Մուրսիի կողմնակիցներն են: Մի քանի հարյուրը մահապատժի են դատապարտվել: