67776 դիտում
13:17 20-04-2015
Արտակարգ դեպք՝ Սևանա լճում. փրկարարներն ու ջրասուզակները «մենամարտի են դուրս եկել կատաղած Սևանի դեմ», որպեսզի հայտնաբերեն ջրախեղդ եղած տղամարդուն. ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Այսօր՝ ապրիլի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ համայնքի տարածքից մոտորանավակ է դուրս եկել Սևանա լիճ և ըստ գյուղացիների պատմածի՝ այն անհետացել է:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն մի քանի ժամ է, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի՝ 10 հոգուց ավելի աշխատակիցներ որոնողական աշխատանքներ են կատարում:
Հայտնաբերվել է մոտորանավակը, սակայն քաղաքացին չկա:
Այս պահին 911 ծառայությանը պատկանող նավով որոնողական աշխատանքները Սևանա լճում շարունակվում են: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրկարարները մեծ դժվարությամբ են աշխատանքները կատարում, քանի որ լիճն ալեկոծված է. ալիքների բարձրությունն անցնում է գրեթե 1 մետրը:
Տեղում իրավիճակի մասին Գեղարքունիքի փրկարար վարչության պետ Էդիկ Գալստյանը տեղեկությունները փոխանցում է Ճգնաժամային կառավարման կենտրոն, որտեղից էլ դրանք հաղորդվում են ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանին:
Արդեն միացել են նաև ջրասուզակները, ովքեր արդեն 2 անգամ սուզվել են և մոտ 50-70 մետր խորության վրա կատարում են դժվարին ու որոնողական աշխատանքներ:
Ըստ տեղեկությունների՝ քաղաքացին Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչ Արմեն Մարգարյանն է:
***
16:00
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ որոնողական աշխատանքները դադարեցվել են:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 146+
146+