Մշակույթի նախարարը լիտվացի գրող-հրապարակախոս Մարիտե Կոնտրիմայտեին պարգևատրեց «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով
                        ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է լիտվացի գրող-հրապարակախոս, հասարակական գործիչ, թարգմանիչ Մարիտե Կոնտրիմայտեին: Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-լիտվական գրական կապերի խորացմանը և այդ ուղղությամբ ներկայում տարվող աշխատանքներին: ՀՀ մշակույթի նախարարը բարձր է գանհատել հայ-լիտվական մշակութային սերտ կապերը, դրանք դիտարկելով որպես հետագա համագործակցության ամուր երաշխիք:  
Մարիտե Կոնտրիմայտեն անդրադարձել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո և արցախյան պայքարի ընթացքում իր կողմից իրականացված հասարակական գործունեությանը, 2007 թվականին ԱՊՀ և Բալթյան երկրների գրողների, թարգմանիչների և հրատարակիչների համաժողովին մասնակցությանը, ինչպես նաև ներկայացրել սույն այցի մանրամասները: 
Հանդիպմանը, լիտվացի գրող-հրապարակախոս, հասարակական գործիչ, թարգմանիչ Մարիտե Կոնտրիմայտեն հայ գրականությունն արտերկրում տարածելու և Լիտվայի ընթերցասեր հանրությանը թարգմանաբար ներկայացնելու, հայ-լիտվական գրական-թարգմանական կապերը զարգացնելու և ամրապնդելու գործում ունեցած զգալի ավանդի համար, պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պատվոգրով և «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

