999 դիտում
16:14 17-04-2015
Մեկնարկել է «Հայ կինը Հայոց ցեղասպանության տարիներին և հետո» խորագրով միջազգային գիտաժողովը
Ապրիլի 17-ին մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչության նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողովը՝ «Հայ կինը Հայոց ցեղասպանության տարիներին և հետո» խորագրով:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը. նա մասնավորապես նշեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին հայ կանանց նման համախմբումը բացառիկ խորհուրդ ունի: Մենք հավաքվել ենք վերաարժևորելու հայ կնոջ տեղն ու դերը հայ ժողովրդի համար ամենաողբերգական պահերին և պատմական զարգացման ներկա փուլում, նրա մասնակցությունը համազգային խնդիրների լուծման գործում: Հայկական Սփյուռքում ի սկզբանե հայապահպանությունն ու ազգային առաջընթացի տաճարը կառուցվել է չորս զորավոր հիմնասյուների վրա՝ Հայ ընտանիք, Հայ եկեղեցի, Հայ մշակույթ և Հայ լեզու ու դպրություն: Եվ այդ սյուները կանգուն են մնացել նախևառաջ հայ կնոջ նվիրումի, վճռականության, նրա թափած ջանքերի ու աշխատանքի, նրա մեծ հավատի շնորհիվ»:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության ատենապետուհի Վիգի Մարաշլյանը նա նշեց, որ որ հայ ժողովրդի գոյատևման ու զարթոնքի ճակատագրական պայքարի մեջ մեծ էր հայ կնոջ դերը, ով կանգնեց իր զավակի ու ամուսնուն կողքին և ինչպես անցյալում, այսօր էլ մեծ առաքելություն ունի իրագործելու «Կարծես երեկ էր, երբ Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցին հայությունը՝ Հայաստանից մինչև Սփյուռքի հեռավոր անկյունները, միակամ ու միաբերան վերջ դրեց ողբ ու կոծին և տարավ իր արդար Դատը եկեղեցու դարպասից դեպի քաղաքական կրկես ո´չ որպես մարտիրոսացած ժողովուրդ, այլ որպես վերազարթնող ազգ, պատրաստ ամեն զոհողության, պատրաստ պայքարելու՝ որպես արդարության ու հատուցման պահանջատեր, մինչև վերջնական հաղթանակ»:
Ներկաներին ողջունեց նաև ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչության ատենապետուհի Նարինե Գալստյանը: Նա կարևորեց հայ կնոջ դերը ու նշեց, որ հայ կինը շարունակելու է հավատարիմ մնալ իր կոչմանը:
Գիտաժողովի մասնակիցներին տեսաուղերձով ողջունեց ռեժիսոր Սյուզան Խարդալյանը: Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ գիտաժողովը նախաձեռնելու համար և նշեց, որ իր աշխատանքներում շեշտը դնում է այն կանանց վրա, ովքեր Ցեղասպանությունից հետո շարունակեցին ապրել:
Այնուհետև ցուցադրվեց հատվածներ Սյուզան Խարդալյանի «Տատիկիս դաջվածքները» ֆիլմից:
Ֆիլմի դիտումից հետո ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հասարակական, քաղաքական գործիչ Իշխանի (Նիկողայոս Պողոսյան) անունը կրող բարձը (նշենք, որ «100 բարձ ապրելու համար» նախագծի շրջանակներում 100 բարձերը փոխանցվելու են Սփյուռքի մեր հայրենակիցներին) նվիրեց ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության ատենապետուհի Վիգի Մարաշլյանին:
Ելույթ ունեցավ նաև ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, ով շեշտեց, որ հայ կնոջ դերի մասին բարձր ըմբռնումը մեզ հայտնի է դարձել պատմությունից և, իհարկե, մեր կանանց սխրագործություններից:
«Ուսումնատենչությունը, նվիրումը, անձնազոհությունը եղել է հայ կնոջ առաքելությունը: Առաքելություն, որն այսօր էլ հայ կինը պատվով է կատարում»,-ասաց Էդիկ Մինասյանը:
«Հայ կինը Հայոց ցեղասպանության տարիներին և հետո» խորագրով միջազգային գիտաժողովի աշխատանքները շարունակվում են:
Գիտաժողովի շրջանակներում Էրեբունի պլազայի նախասրահում կազմակերպվել է Հայաստանում հաստատված սիրիահայ հրուշակագործների և ձեռագործի վարպետների աշխատանքների ցուցահանդես-տոնավաճառ:
Նմանատիպ նյութեր
1256 դիտում
13:14 11-10-2014
Երևանում մեկնարկել է «Հեմոսթազ. խնդիրներ և նվաճումներ» խորագրով միջազգային գիտաժողովը
4343 դիտում
16:59 24-10-2017
Մեկնարկել է «Վենետիկի Մխիթարյան Միաբանություն-300» խորագրով միջազգային գիտաժողովը
Այս բաժնից
688 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2017 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
916 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց