211652_close_icon
views-count1259 դիտում article-date 13:14 11-10-2014

Երևանում մեկնարկել է «Հեմոսթազ. խնդիրներ և նվաճումներ» խորագրով միջազգային գիտաժողովը

«Հեմոսթազ. խնդիրներ և նվաճումներ» խորագրով միջազգային գիտաժողովը համախմբել է Հայաստանի, ԱՊՀ և եվրոպական երկրների առաջատար մասնագետներին: «Որպես առողջապահության նախարար կցանկանայի նշել, որ այս խնդիրը դժվար է գերագնահատել: Մարդու ամենակատարյալ մեխանիզմներից մեկին` արյան մակարդելիությանն առնչվող այս խնդիրները պայմանավորում են երկրի և, առհասարակ, առողջապահական ցուցանիշներից մեկի` մահացության պատաճառները»,-ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` ասաց Արմեն Մուրադյանը: Նա նշեց, որ տարբեր մասնագետների ներկայությունը փորձի փոխանակման, հաջողությունների և խնդիրների մատնանշման հնարավորություն կընձեռի: «Համոզված եմ, որ նման համագործակցությունը կտա իր արգասիքները»,-հավելեց Արմեն Մուրադյանը` մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք: ՀՀ առողջապահության նախարարության «Պրոֆ. Ռ. Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը նշեց, որ կենտրոնի և Հայկական արյունաբանական ասոցիացիայի կազմակերպված առաջին միջազգային գիտաժողովի միջոցով հոկտեմբերի 11-13-ը մեր երկիրը կմիանա «Հեմոստազի և թրոմբոզի միջազգային ընկերակցության» կողմից առաջին անգամ իրականացվող համաշխարհային ծրագրերին: «Գիտաժողովին ներկայացվել է շուրջ 75 գիտական զեկույց ոչ միայն Հայաստանից, այլև Ռուսաստանից, Իտալիայից, Վրաստանից: Այն համախմբել է տարածաշրջանի մասնագետներին»,-ասաց Սմբատ Դաղբաշյանը: Մոսկվայի Դ.Ռոգաչևի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի ֆեդերալ գիտակլինիկական կենտրոնի հեմոստազի ֆիզիոլոգիայի և ախտաբանության բաժնի ղեկավար, ՌԴ «Կլինիկական հեմոսթազիոլոգիա» գիտական ընկերության նախագահ, պրոֆեսոր Եվգենի Ռոյտմանը նշեց, որ գնահատանքի է արժանի այս կարևոր խնդրի հանդեպ ՀՀ առողջապահության նախարարության ցուցաբերած ուշադրությունը: Գիտաժողովի շրջանակներում կքննարկվեն հեմոսթազիոլոգիայի ոլորտին վերաբերող խնդիրները, ախտորոշման, բժշկության տարբեր բնագավառներում թրոմբոտիկ բարդությունների բուժման և կանխարգելման հարցերի լուծման հիմնական ձեռքբերումները: Միջոցառման նպատակն է բարձրացնել հիվանդության և դրա հետևանքով ի հայտ եկող բարդությունների մասին տեղեկատվության մակարդակը, իրազեկել բժիշկներին և հասարակության լայն շրջանակներին հիվանդության տարածվածության, ժամանակակից ախտորոշիչ մեթոդների հասանելիության, բուժման արդի մեթոդների մասին, ինչպես նաև մշակել կանխարգելիչ միջոցառումներ: Թրոմբոզների և հեմոստազի միջազգային ընկերակցության նախաձեռնությամբ հոկտեմբերի 13-ն առաջին անգամ նշվում է որպես թրոմբոզների միջազգային օր: Խնդրի բարձրաձայնումը կարևորվում է նրանով, որ թրոմբոզների հետևանքով են առաջանում սրտային և անոթային 3 ամենատարածված հիվանդությունները (սուր կորոնար սինդրոմ, ուղեղի կաթված, երակային թրոմբոէմբոլիա): Եվրոպայում թրոմբոզներից մահվան դեպքերը 2 անգամ ավելի շատ են, քան կրծքագեղձի, շագանակագեղձի ուռուցքներից, ՁԻԱՀ-ից, ավտովթարներից մահացությունները միասին: Բնակչության շրջանում թրոմբոզներով հիվանդացությունը և այս հիվանդությունից գրանցվող մահերը գերակա դիրք են զբաղեցնում, ուստի և թրոմբոզների թեման առանցքային նշանակություն ունի բժշկագիտության մեջ: Մակարդման համակարգի խնդիրների հետ առնչվում են ոչ միայն արյունաբանները, այլև բժշկության տարբեր ոլորտների մասնագետներ: Գիտաժողովի փակման վերջին օրը՝ հոկտեմբերի 13-ին, «Tempus–Symposium» ծրագրով տեղի կունենա սատելիտային նիստ, որի շրջանակում զեկույցներով հանդես կգան եվրոպացի ճանաչված արյունաբաններ: Նրանք կներկայացնեն մակարդման ոլորտին առնչվող արդի խնդիրները:

Նմանատիպ նյութեր