Մադրիդում «Vogue» ամսագրի արխիվային գեղանկարչական լուսանկարների բացառիկ ցուցահանդես կբացվի
Այս տարվա հունիսի 30-ին Մադրիդի Տիսսեն-Բոռնեմիսի թանգարանում կբացվի «Vogue» ամսագրի արխիվային գեղանկարչական լուսանկարների նոր ցուցահանդեսը:
Ինչպես հայտնում է «euromag.ru»-ն, ցուցադրությունը բաց կլինի մինչև 2015 թ. հոկտեմբերի 12-ը, իսկ նոր նախագծի շրջանակներում կցուցադրվեն «Vogue»-ի 60 արխիվային լուսանկարները, որոնց ստեղծմանը ոգեշնչել են իսպանական «Ոսկե դարաշրջանի» կտավները, 17-րդ դարի հոլանդական դիմանկարը և վիկտորիական դարաշրջանի գլուխգործոցները:
Ցուցադրության հեղինակները հայտնել են, որ կանացի բազմակողմանի հմայքը փառաբանող՝ «Vogue: Like a Painting» խորագիրը կրող ցուցադրությունը գեղանկարչության և լուսանկարչության ապշեցուցիչ միավորում ու փոխլրացու կլինի: Սրանք, ըստ հեղինակների, այն երկու վիզուալ արվեստներն են, որոնց միջև երբեմն անհնար է սահմանագիծ դնել: