211652_close_icon
views-count1171 դիտում article-date 13:45 02-04-2015

Այսօր աուտիզմի իրազեկման միջազգային օրն է

2007 թվականի դեկտեմբերի 18-ին կայացած ՄԱԿ-ի 76-րդ լիագումար նիստին` Քաթարի պետության առաջարկով, որոշում ընդունվեց Աուտիզմի իրազեկման օրը նշելու մասին: 2008-ից ապրիլի 2-ը նշվում է որպես Աուտիզմի իրազեկման միջազգային օր: Աուտիզմը հաղորդակցման, սոցիալիզացիայի, հարմարվողական վարքագծի և խոսքի զարգացման ծանր խանգարում է, որն արտահայտվում է մինչև երեխայի 3 տարեկան հասակը: Այսօր այն կարելի է դասել 20-րդ դարի չբացահայտված հիվանդությունների շարքին: Հիվանդությունը ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կտրուկ աճում է (ըստ միջազգային վիճակագրական տվյալների` հիվանդության դեպքերի հաճախականությունը ներկայումս կազմում է 125: 10000, 1999թ.` 6-7: 10000-ի դիմաց): Աուտիզմով տառապող հիվանդների թիվն ամբողջ աշխարհում ավելացել է 10-15 անգամ, ինչը կապված է նաև ախտորոշման բարելավման հետ: Իսկ անցյալ տարվանից ԱՄՆ-ում արդեն խոսում են աուտիզմի համաճարակի մասին: Հիվանդության պատճառներն ամբողջ աշխարհում հայտնի չեն, իսկ դրա ծագումնաբանության մեջ նշվում են 9 հնարավոր պատճառ, որոնցից են գենետիկական գործոնը, թունավորումը քիմիական նյութերով կամ ծանր մետաղներով, սննդային կամ աուտոիմուն գործոնները և այլն: Աուտիզմով երեխայի կարիքները սննդային կամ դեղորայքային չեն: Ցավոք, գոյություն չունի հրաշք մի մեթոդ, որն ի զորու կլիներ ամբողջովին բուժել այս հիվանդությունը: Սակայն համապատասխան վերականգնողական և կրթական միջամտությամբ, հիվանդության վաղ հայտնաբերմամբ, մենք կարող ենք օգնել նրանց հարմարվելու և ընկալելու իրենց շրջապատող աշխարհը՝ հնարավորինս նպաստելով հասարակության մեջ նրանց ինքնուրույնության ու կյանքի որակի բարձրացմանը: Խնդրի վերաբերյալ հասարակության իրազեկման բարձրացումը օրեցօր դառնում է արդիական: Աուտիզմով երեխաները լիովին չեն ապաքինվում, և մինչև 25 տարեկանը հիվանդությունը զարգացում է ապրում` ի հայտ բերելով նորանոր ախտանիշներ: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի կազմում գործող մանկական հոգեբուժական դիսպանսերի տվյալների համաձայն` 2007-2014թթ. ընթացքում, հայտնաբերվել և ախտորոշվել է աուտիզմի 882 առաջնակի ախտորոշված դեպք /համապատասխանաբար` 73, 78, 80, 105, 118, 121, 150, 157/: Աուտիզմի` որպես հաշմանդամության բերող հիվանդության, բուժումը ներառված է պետական պատվերի մեջ` որպես անվճար մատուցվող բուժօգնության տեսակ: Այս երեխաների պետական պատվերի շրջանակներում բուժումն ու ռեաբիլիտացիան իրականացվում է «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի «ԱրԲես» առողջության կենտրոնի 7 մարզային մասնաճյուղերում, «Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնում», «Օշական» մանկական վերականգնողական կենտրոնում: Վերջին տարիների կարևոր ձեռքբերումներից է երեխաների զարգացման և վերականգնողական կենտրոնների ստեղծումը Երևանի Մալաթիա Սեբաստիա համայնքի թիվ 9 պոլիկլինիկայում և Կապանի բժշկական կենտրոնում, ինչը նպաստում է այս խնդրով տառապող երեխաների բուժման տարածքային և ֆինանսական մատչելիությանը: 2012 թվականի մարտի 29-ի Հայաստանի Հանրապետության կառավարության N488–Ն որոշմամբ ստեղծվել է «Աուտիզմ ազգային հիմնադրամ», որի գործունեության նպատակն է ցուցաբերել աջակցություն աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող անձանց և նրանց ընտանիքներին, ստեղծել անհրաժեշտ պայմաններ նրանց բուժման, վերականգնման, կրթության և զբաղվածության, սոցիալական ադապտացիայի համար: Հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության: Հիմնադրի անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին է սահմանվել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը: Աուտիզմը դուրս է եկել միայն առողջապահական խնդիր լինելու շրջանակներից, այն միջգերատեսչական է և իր հնարավոր լուծումը կարող է ստանալ կրթական, սոցիալական ոլորտների և հասարակության լայն շրջանակների համագործակցության պարագայում:

Նմանատիպ նյութեր