«Անահիտ» մուլտֆիլմը ցուցադրվել է Վանաձորում
Անիմացիոն շարժանկարի լավագույն ավանդույթներ ունեցող հայկական մուլտարտադրությունը նոր հաջողություն է գրանցել. Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի մոտիվներով նկարահանվել ու հանդիսատեսի դատին է հանձնվել համանուն մուլտֆիլմը Ռոբերտ Սահակյանցի բեմադրությամբ:
Ֆիլմն արդեն ցուցադրվել է հանրապետության մի քանի մարզերում և ԼՂՀ-ում, իսկ օրերս այն Վանաձորում էր: Լոռու ժամանցի կենտրոնի լեցուն դահլիճում, մեծահասակների ուղեկցությամբ, հարյուրավոր մանուկներ, դպրոցականներ մեծ հետաքրքրությամբ հետևեցին ֆիլմի ցուցադրությանը:
Ծնողների, մանկավարժների կարծիքով ֆիլմը բավականին ուսուցողական է, արծարծում է մարդկային հավատարմության, չարի ու բարու պայքարի գաղափարը՝ բարու հաղթանակով: Բավականին հաջողված են հատկապես հայոց բնաշխարհի տեսարանները:
Մուլտֆիլմի անդրանիկ ցուցադրությանը հրավիրվել էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, մարզպետարանի պաշտոնատար անձինք: Ի դեպ, վանաձորցի հանդիսատեսին «Անահիտի» անվճար ցուցադրման նախաձեռնողներն ու աջակիցները ՀՀ մշակույթի նախարարությունն ու Լոռու մարզպետարանն էին: Ցուցադրման ավարտին ֆիլմի ստեղծագործական կազմին հանձնվեց մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհակալագիրը: