Այսօր` մարտի 20-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների սրահում, տեղի ունեցավ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու «Հավատամք» երգչախմբի համերգը: Համերգին մասնակցում էին հոգևորականներ, ուսանողներ, հավատացյալներ, հոգևոր երգը գնահատողներ:
Համերգին բարձր կատարողականությամբ հնչեցին հոգևոր և աշխարհիկ խմբերգեր, դաշնակահար` Ռուզաննա Գրիգորյանի կատարմամբ: «Հավատամք» քառաձայն երգչախմբի խմբավար` Րաֆֆի Միքայելյանը շուտով մեկնելու է ԱՄՆ` ուսումը շարունակելու և այս համերգը, կարծես, հրաժեշտի համերգ եղավ:
- Տարիներ շարունակ «Հավատամք»-ը տարբեր բեմերում հնչեցրել է հայ հոգևոր երգը բարձր մակարդակով և մրցանակային տեղեր զբաղեցրել:
Կարծում եմ «Հավատամք»-ը հավատարիմ կմնա իր սկզբունքներին և նույն ոգով կշարունակի իր ճանապարհը:
Շնորհակալություն եմ հայտնում Րաֆֆի Միքայելյանին` բարձր մակարդակով իր մասնագիտական կարողությունները ներդնելու համար, ասաց «Հավատամք» հոգևոր միության հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի