211652_close_icon
views-count999 դիտում article-date 21:58 18-03-2015

Դաշնակցությունը հանդիպել է ԵՄ հանձնակատարին

Այսօր՝ Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչներ Աղվան Վարդանյանն ու Լիլիթ Գալստյանը հանդիպեցին Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով նորանշանակ հանձնակատար Յոհաննես Հանին։ Հանձնակատարը ողջունելով հյուրերին, ցանկություն հայտնեց լսել նրանց տեսակետներն ու մոտեցումները երկրի ներքաղաքական կացության, եվրոպական հարեւանության ձեւաչափում նրանց սպասելիքների ու պատկերացումների ուղղությամբ։ Գոհունակություն հայտնելով հանդիպման հնարավորության համար, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը համառոտ ներկայացրեց կուսակցության քաղաքական օրակարգի տվյալ պահի հիմնական առաջնահերթություններից երկուսը՝ շեշտը դնելով սահմանադրական բարեփոխումների ՀՅԴ մոտեցումների, ինչպես նաեւ սոցիալ-տնտեսական քաղաքականության առնչությամբ կուսակցության սկզբունքային դիրքորոշումների վրա։ Աղվան Վարդանյանը կարեւորեց նաեւ Եվրամիության դերակատարությունն ու աջակցությունը եվրոպական չափանիշներով ընտրական օրենսգրքի մշակման եւ համապատասխանաբար՝ ընտրությունների կազմակերպման գործում։ Վարդանյանը նաեւ լավատեսություն հայտնեց Ռիգայի գագաթաժողովում քաղաքական օրակարգով նոր մակարդակի բանակցություններ սկսելու ուղղությամբ։ Լիլիթ Գալստյանը հնչեցնելով ՀՅԴ ծրագրային փաստաթղթերում ամրագրված Եվրոպական արժեքների հավատարմության իրողությունը, կարեւորեց Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունը՝ այն դիտելով որպես երկրում սոցիալական ու քաղաքացիական շինարարության կենսական հիմք, երկրում ժողովրդավարության խորացման ու ամրացման, արմատական փոփոխությունների գրավական։ Հանդիպման ավարտին Աղվան Վարդանյանը նաեւ իր գոհունակությունը հայտնեց ԵՄ հանձնակատարին «Եվրանեսթի» լիագումարին մասնակցելու ու Հայաստանում եվրոպական շաբաթին իր կարեւոր մասնակցությունը բերելու համար։

Նմանատիպ նյութեր