211652_close_icon
views-count887 դիտում article-date 16:54 15-09-2015

Արմեն Աշոտյանը Բրյուսելում հանդիպել է ԵՀ գիտության, հետազոտությունների և նորարարության հանձնակատարին

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 14-ին Եվրոպական հանձնաժողովի գրասենյակում հանդիպում է ունեցել ԵՀ գիտության, հետազոտությունների և նորարարության հանձնակատար Կարլոս Մոեդասի հետ: Ողջույնի խոսքում եվրահանձնակատարն առանձնահատուկ նշեց հայ գիտնականների և գիտական կենտրոնների պատմության և թողած հարուստ ժառանգության մասին, ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում: Լինելով պորտուգալացի Կարլոս Մոեդասը հիշեց պորտուգալահայ գործարար և բարերար Գալուստ Գյուլբենկյանին, ով մեծ ներդրումներ է ունեցել Պորտուգալիայի գիտության զարգացման գործում: Պատասխան խոսում Արմեն Աշտոյանը ներկայացրեց Հայաստանում կրթության և գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումները, գիտության, հետազոտությունների և նորարարության ոլորտում զարգացման հիմնական ուղղությունները, առկա հնարավորությունները, հիմնական մարտահրավերները: Նախարարը մեծապես կարևորեց հայաստանյան գիտական հանրույթի լիարժեք ինտեգրումը համաշխարհային գիտական հանրույթին: Այս առումով, ըստ նախարարի, էական նշանակություն ունի Հայաստանի անդամակցումը «Հորիզոն 2020» ծրագրին: «Այն Հայաստանի գիտության առջև կբացի նոր հեռանկարներ և հնարավորություն կտա հայկական գիտական ներուժին դրսևորելու իր բոլոր կարողությունները», - ասաց Արմեն Աշոտյանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին «Հորիզոն 2020» ծրագրին Հայաստանի մասնակցության, եվրոպական տարբեր քաղաքներում գոյություն ունեցող հայագիտական կենտրոններին աջակցություն և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր