211652_close_icon
views-count1229 դիտում article-date 20:47 17-03-2015

Երիտասարդական նվագախումբը հայ ժողովրդի 2015-ի կարևոր ասելիքը փոխանցեց «Ալ Բուստան» փառատոնում

Մարտի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն անդրադարձան Բեյրութում անցկացվող «Ալ Բուստան» միջազգային փառատոնին, որին 2-րդ տարին անընդմեջ պաշտոնական նվագախմբի կարգավիճակով հրավիրվում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։ 2015-ին մասնակցությունը «Ալ Բուստանին» Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում էր եւ իրականություն էր դարձել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներըհամակարգող պետական հանձնաժողովի շնորհիվ, ինչպես նաեւ՝ նվագախմբի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-իաջակցությամբ։ Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն ընդգծեց, որ Երիտասարդական նվագախումբն արտերկրում մշակութային դիվանագիտության լավագույն կրողներից մեկն է։ «Արձագանքները, որ մենք ստացել ենք «Ալ Բուստան» փառատոնի ղեկավարությունից, շատ բարձր են։ Համարվելով երիտասարդական, երիտասարդական ավյունով մեր մշակույթը ներկայացնելով արտերկրում՝ նրանք իրենց կատարողական արվեստով բնավ էլ երիտասարդ չեն, այլ ունեն շատ բարձր վարպետություն, ինչը մեր երաժշտարվեստի համար իսկապես հպարտություն է»,- նշեց մշակույթի փոխնախարարը՝ տեղեկացնելով, որ տարվա ընթացքում Երիտասարդական նվագախումբը կունանա Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգներ մի շարք այլ երկրներում նույնպես։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը տեղեկացրեց, որ «Ալ Բուստանը» տարածաշրջանի ամենախոշոր ու հեղինակավոր փառատոնն է, եւ հրավեր են ստացել այդ փառատոնից նաեւ 2016թ. համար, ինչը խոսում է այն մասին, որ Հայաստանում ունենք միջազգային չափանիշներին համապատասխան պրոֆեսիոնալ նվագախումբ։ Սերգեյ Սմբատյանը նկատեց, որ 2015 թվականի մեր ասելիքը նվագախմբի միջոցով փոխանցվեց Լիբանանում։ Փառատոնի ընթացքում ոչ միայն հայ երաժիշտները, այլեւ փառատոնի գեղարվեստական ղեկավարը, մենակատարները բոլոր համերգներին հանդես են եկել «Անմոռուկ» կրծքանշանով: Սա խոսում է այն մասին, որ մարդիկ հասկանում են մեր ասելիքը։ Բացի այդ, «Ալ Բուստան» փառատոնի գեղարվեստական ղեկավար, իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն մարտի 10-ին կայացած համերգից առաջ, անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը, հանրությանը հիշեցրել է, որ 1915թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին հայ համայնքի հարյուրավոր մտավորականներ եւ հոգեւոր առաջնորդներ: Ավելի քան 1.5 մլն մարդ նահատակվեց Հայոց ցեղասպանության ընթացքում: «Տղամարդիկ սպանվում էին, կանայք, երեխաները, տարեցները՝ տեղահանվում ճամբարներ, պահվում սոված, քշվում Սիրիական անապատ: Սա ժամանակակից աշխարհում իրագործված ամենամեծ ցեղասպանությունն էր: Բազում անգամներ ընկերոջս՝ Սերգեյ Սմբատյանի հետ զրույցներում նշել եմ, որ ճանապարհորդելիս աշխարհի տարբեր ծայրերում միշտ հանդիպել եմ գոնե մեկ հայի: Դա գուցե եւ զվարճալի թվար, սակայն երբ մտածում ես ՍՓՅՈՒՌՔ բառի մասին, հասկանում ես՝ դա այնքան էլ զվարճալի չէ, իրականում դա շատ տխուր է: Քանզի այդչափ մեծ սփյուռքը նշանակում է՝ ինչ-որ բան ժամանակին սխալ է եղել: Այս ծաղիկը՝ Անմոռուկը, ասում է չմոռանալ, սակայն դրա նշանակությունն ավելին է՝ հիշում եմ եւ պահանջում: Պատմությունը մեզ սովորեցնում է երբեք այլեւս չկրկնել անցյալի սխալները, փոխել կյանքի ընթացքը դեպի ավելի լավն ու գիտակցել գործած սխալները: Կարծում եմ՝ երաժշտությունն ունակ է փոխանցելու այս ամենը, քանի որ այն հաղորդակցման համամարդկային լեզու է, թարգմանության կարիք չունի, դիմում է ուղղակիորեն մարդկային սրտերին... Այսօր այս հրաշալի նվագախմբի հետ ցանկանում ենք լսարանին հասցնել հենց այս միտքը՝ ոչ միայն չմոռանալ, այլեւ հիշել եւ պահանջել...»,- ասել է Ջանլուկա Մարչիանոն։ Նշենք, որ «Ալ Բուստան» փառատոնը կրում է արաբ մի ընտանիքի անունը, ընտանիք, որը սիրում է մշակույթ, երաժշտություն եւ 1994 թվականից իր կյանքը նվիրել է մշակույթի պահպանմանն ու զարգացմանը։ «Ալ Բուստանում» Երիտասարդականն ունեցել է 5 համերգ՝ հանդես գալով համաշխարհային հռչակ վայելող մենակատարների հետ։

Նմանատիպ նյութեր