211652_close_icon
views-count1245 դիտում article-date 15:32 17-03-2015

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը «Ալ Բուստան» փառատոնում ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը երկրորդ տարին անընդմեջ, պաշտոնական նվագախմբի կարգավիճակով մասնակցում է Բեյրութում անցկացվող «Ալ Բուստան» միջազգային փառատոնին: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համար 2015 թ. մասնակցությունը «Ալ Բուստան» միջազգային փառատոնին խորհրդանշական էր. այն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում էր և իրականացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, ինչպես նաև, նվագախմբի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ: Փառատոնի ընթացքում նվագախմբի երաժիշտները, դիրիժորները և ադմինիստրատիվ կազմը հանդես են եկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ` «Անմոռուկ» կրծքանշանով: Երիտասարդական նվագախումբը` ս. թ. փետրվարի 26-ից մարտի 10-ը փառատոնին հանդես է եկել 5 համերգով՝ ելույթ ունենալով անվանի մենակատարների և դիրիժորի հետ: Առաջին չորս համերգները ընթացել են փառատոնի գեղարվեստական ղեկավար, իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի գլխավորությամբ, իսկ մարտի 10-ին համերգը ղեկավարել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Երիտասարդական նվագախմբի հետ հանդես են եկել համաշխարհային հռչակ վայելող վոկալիստներ` Կարմեն Ջանատասիոն, Նինո Սուրգալաձեն, Գոչա Դատուսանին և Արտուրո Չակոն-Կրուզը, ինչպես նաև, Կատյա Բունիաթիշվիլին /դաշնամուր/, Արաբելլա Շտայնբախերը /ջութակ/ և Սերգեյ Կռիլովը /ջութակ/: Ծրագրում ներառված էր Վ. Բելլինիի «Նորմա» օպերան, Ռախմանինովի, Պ. Ի. Չայկովսկու, Վ. Ա. Մոցարտի, Լ. Վ. Բեթհովենի ստեղծագործությունները։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն արտերկրում հաջողությամբ է իրականացնում մշակութային դիվանագիտության պատասխանատու իր առաքելությունը՝ աշխարհին ներկայանալով հայկական մշակույթի հարուստ ավանդույթներով: «Ալ Բուստան» միջազգային փառատոնն անցկացվում է 1994 թվականից, Լիբանանում: Այս տարի փառատոնն անցկացվել է ս. թ. փետրվարի 17-ից մարտի 22-ը. փառատոնային ծրագիրը ներառում էր օպերային, սիմֆոնիկ, խմբերգային, կամերային, ջազային, արևելյան երաժշտություն, ինչպես նաև պարային և թատերական ներկայացումներ: Միջազգային հեղինակավար այս փառատոնը մինչ օրս հրավիրել է ավելի քան 4000 արվեստագետի` աշխարհի տարբեր ծայրերից: Այս տարի փառատոնին հրավիրվել են շուրջ 300 արտիստներ: Փառատոնի շրջանակներում կազմակերպվում են նաև վարպետության դասեր, սեմինարներ: «Ալ Բուստան» փառատոնը Եվրոպական փառատոների ասոցիացիայի (European Festival Association- EFA), Երաժշտական գործակալների միջազգային ասոցիացիայի (International Artist Managers’ Association- IAMA) անդամ է: Ս. թ. մարտի 17-ին, ժամը 11:00-ին, «Նյութ» մամուլի ակումբում, «Ալ Բուստան» միջազգային փառատոնին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասնակցությանը նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Նմանատիպ նյութեր