211652_close_icon
views-count480 դիտում article-date 19:32 17-03-2015

2014 թ. գործունեության արդյունքներն է ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարությունը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ բնապահպանության նախարարության՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման եւ գնահատված կատարողականի հաշվետվությունը: ՀՀ 2014 թ. պետական բյուջեով բնապահպանության նախարարությանը ծրագրվել է հատկացնել 2610.9 մլն դրամ, եւս 686.9 մլն դրամ լրացուցիչ ֆինանսավորում նախատեսվել է տարվա ընթացքում, իսկ նախարարության համակարգի ՊՈԱԿ-ների գործունեության ֆինանսավորման նպատակով պետական բյուջեից դրամաշնորհի ընդհանուր գումարը կազմել է 892.3 մլն դրամ: ՀՀ բնապահպանության նախարարության վերահսկողության տակ գտնվող բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասով պետական բյուջե կատարված գանձումները կազմել են 2300.6 մլն դրամ՝ 2013 թ. 1658.2 մլն դրամ գումարի համեմատ: «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ 11 համայնքի տրամադրվել է սուբվենցիա՝ ավելի քան 245.0 մլն դրամի չափով: 2015 թ. պետական բյուջեով նախատեսված սուբվենցիաների գումարը կազմում է 296.9 մլն դրամ, ընդ որում` բնապահպանական ծրագրերի իրականացման համար սուբվենցիա կտրամադրվի 14 համայնքի: Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը զեկուցել է ըստ ոլորտների նախարարության համակարգում կատարված աշխատանքների մասին: Մասնավորապես, ՀՀ կառավարության 2014 թ. սեպտեմբերի 25-ի որոշմամբ հաստատվել է «Սեւանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանության, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների 2015 թ. տարեկան ծրագիրը», մշակվել եւ ներկայացվել է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Սեւանա լճում էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի համալրման նպատակով 2014 թ. պետական բյուջեի միջոցների հաշվին «Ձկան պաշարների համալրման ծառայություններ» ծրագրի շրջանակում Սեւանա լիճ է բաց թողնվել ամառային իշխանի 200.0 հազ. հատ (3 եւ ավելի գրամ) եւ գեղարքունիի 166.7 հազ. հատ (5 եւ ավելի գրամ) մանրաձուկ: Ընդունվել է բնապահպանության ոլորտը կանոնակարգող 5 օրենք, ՀՀ կառավարության 30 եւ ՀՀ վարչապետի 5 որոշում, որոնցից առավել կարեւոր են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքը եւ «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության եւ օգտագործման բնագավառի 2014-2020 թթ. պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը:

Նմանատիպ նյութեր