Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Նիկարագուայի արտգործնախարարի տեղակալին
Մարտի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Նիկարագուայի արտաքին գործերի նախարարի տեղակալ, Նախագահի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով խորհրդական Լուիս Ալբերտո Մոլինային:
Ողջունելով հյուրին` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը շահագրգռված է Նիկարագուայի հետ հարաբերությունների զարգացմամբ և հույս հայտնեց, որ այցը կնպաստի երկկողմ համագործակցության ամրապնդմանը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Նիկարագուայի ԱԳ նախարարի տեղակալն ընդգծեց, որ իր այցի նպատակն է տարբեր որլորտներում Հայաստանի հետ համագործակցության խորացման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերումը։
Հանդիպմանը քննարկվեցին քաղաքական երկխոսության հաստատման, արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման, միջազգային կազմակերպություններում փոխգործկացության խթանման, միջխորհրդարանական կապերի և իրավապայմանագրային դաշտի ձևավորման, առևտրատնտեսական համագործակցության խթանմանն առնչվող հարցեր։ Պայմանավորվածութուն ձեռք բերվեց Երևանում և Մանագուայում համատեղության կարգով դեսպաներ հավատարմագրելու մասին։
Զրուցակիցներն անդրադարձան նաև հրատապ տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների: